Բաժիններ՝

«Աղմուկ-աղաղակ, գոռոց, ղժոց չկա». Կինոռեժիսորները՝ Կինոգործիչների միության նախագահի ընտրությունների մասին

«Կինոմիության ընտրությունները անկախության օրերից սկսած անտարբեր մթնոլորտում է անցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Արամ Շահբազյանը՝ խոսելով Կինոգործիչների միության նախագահի առաջիկա ընտրությունների մասին:

Նշենք, որ այդ ընտրություններին առաջադրվել են Հարություն Խաչատրյանը, Վահե Գևորգյանցը և Գևորգ Գևորգյանը:

Ա. Շահբազյանի խոսքով՝ այդ ընտրություններին միշտ առաջադրվել է մեկ թեկնածու, և սա առաջին դեպքն է, որ կան մի քանի թեկնածուներ. «Այդ թեկնածուի օգտին տեղում քվեարկել ենք կարմիր գրքույկներով, անցել է միաձայն: Այդ գրքույկները շատ վախենալու գրքույկներ են, ոնց որ «КГБ»-и աշխատող լինենք: Հիմա կան մի քանի թեկնածուներ: Մի տեսակ շփոթված ենք, անսպասելի է այս ամեն ինչը, անձամբ ես դեռ մարսում եմ, թե ինչ է տեղի ունենում: Դժվարանում եմ ասել՝ ողջունում ենք, չենք ողջունում, լավ է, վատ է: Փաստորեն, մրցակցություն կա, ինչ որ վախենալու բան կա դրա մեջ, որովհետև մենք, սենց թե նենց, լարված վիճակում ենք՝ կապված կինոյի օրենքի ընդունման, դրա վերաբերյալ կազմակերպվող ժողովների հետ: Մենք հիմա այնքան  դժվար խնդիրներ ունենք մեր առաջ, չէի ուզենա, որ մեր խավը տարանջատվեր, խմբավորումների բաժանվեր»:

Ասուլիսին ներկա մեկ այլ կինոռեժիսոր՝ Արման Երիցյանն էլ հայտարարեց, որ նախքան այս ընտրություններն ինքը բազմիցս ասել է, որ այդ միությունը պետք է լուծարվի. «Այսինքն՝ ինձ համար Կինոմիությունը, Նկարիչների միությունը, Գրողների միությունը կարծես բոլշևիկյան ինչ-որ ավելցուկ բղկոց մնացած լինի, որովհետև իրականում հենց տենց էլ կա: Ինքը տենց ժանգոտ ինչ-որ բան է եղել, դրա համար թե ո՞վ է եղել նախագահը և թե ի՞նչ է արել, մեզ համար նշանակություն չի եղել, որովհետև իրականում բան չի արվել և Կինոմիության լծակներն անտեսանելի են եղել մեզ համար: Հիմա որոշակի ուսումնասիրություններից հետո հասկացանք, որ Կինոմիությունն ունեցել է լուրջ լծակներ, որոնք պետք է աշխատեցնել: Մինչև հիմա ունեցել ենք գրքույկ, ստացել ենք այդ շաքարավազ, լոբի-մոբիները, օգնությունն ենք ստացել, և այլն»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Դուք էլ եք ստացե՞լ այդ օգնությունը, Ա. Երիցյանն այսպես արձագանքեց. «Այո, իհարկե, բոլորրն էլ ստացել են: Ցանկություն են ունեցել, որ այդ միությունը դառնա նպաստառու ինչ-որ բան»:

Կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանն ավելի լավատես է և հույս ունի, որ որոշակի փոփոխություններ կլինեն. «Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված: Մենք տարիներ շարունակ խոսում ենք մի շարք խնդիրների մասին, բայց չենք կարողանում ոչ մի կերպ այդ խնդիրների լուծումը տալ, և այն պլատֆորմը, որի անունը Կինոմիություն է, արդեն պետք է այդ քայլերն անի»:

Ա. Շահբազյանն ասաց, որ Կինոգործիչների միության նախագահի ընտրությունների պատճառով կա լարվածություն և մրցակցություն, բայց կա նաև հստակ զսպվածություն. «Չկա նման բան, որ՝ մենք սրան ենք պաշտպանում, մենք նրան ենք պաշտպանում, էսա դուք ձեր հալը կտեսնեք, և այլն: Կա 3 թեկնածու, կան այդ թեկնածուներին համակրողներ, և հաստատ այդ մարդկանց համար գնացող, քվեարկողներ կան: Ու այդ ամեն ինչը շատ լուռ ու զսպված է, չկա աղմուկ-աղաղակ, գոռոց, ղժոց»:

Ա. Երցյանը նշեց, որ ինքը պաշտպանում է Հարություն Խաչատրյանի թեկնածությունը. «Որովհետև ես ճանաչում եմ Հարություն Խաչատրյանին թե՛ կինոարտադրության մեջ, թե՛ կինոմթնոլորտի մեջ, թե՛ որպես արդեն ինչ-որ բան արած մարդ այս ոլորտում: Ես նրան գիտեմ միայն դրական առումներով: Մյուս երկու թեկնածուներին ևս ճանաչում եմ, բայց Հարություն Խաչատրյանի դիրքերը, իմ կարծիքով, անվիճելի, անհամեմատելի են: Եթե մենք ցանկանում ենք որևէ շարժ ունենալ, որպեսզի Կինոմիությունն ունենա իր ճիշտ ստատուսը, դերը, նշանակությունը, ուրեմն՝ կարծում եմ՝ պետք է ընտրել Հարություն Խաչատրյանին: Վստահ եմ՝ այդ դեպքում լճացում չի լինի, նախկինում տեսած սխալները որոշակիորեն կբացառվեն»:

Ա. Շահբազյանը չասաց, թե ինքն ում է ընտրելու, բայց նշեց, որ պետք է դատել, թե տվյալ մարդիկ այսօր ինչ են արել: Է. Համբարձումյանը ևս համաձայնեց նրա հետ՝ ասելով, թե դա է ամենակարևորը, թե ինչ են տվյալ անձինք արել մինչ այսօր:

168.am-ի հարցին, թե Կինոգործիչների միության գործունեության արդյունավետության մեջ նախագահի դերը շա՞տ մեծ է, Է. Համաբարձումյանն այսպես պատասխանեց. «Այո, որովհետև նախագահը պետք է ոչ միայն լինի ստեղծագործող մարդ, այլև մենեջեր, որովհետև պետք է կարողանա ղեկավարի մի կառույց, որը, վերջիվերջո, պետք է դառնա այն հենքը կինոյի համար, որով պետք է մենք թե՛ ներկայանանք աշխարհին, թե՛ համագործակցության եզրեր գտնենք ուրիշների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս