«360 աստիճան ձևաչափով ֆիլմերը կրթությունն ավելի էֆեկտիվ են դարձնում. փորձարկումներին 10 հազար հայ աշակերտ է մասնակցել»
Technology & Science Dynamics ընկերության ստեղծած EyeDome լիագմբեթ կինոթատրոնի միջոցով հնարավոր է դիտել 360 աստիճան ձևաչափով ֆիլմեր։ Նախագծի հեղինակ Լևոն Արամյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է` պատրաստել այնպիսի ֆիլմեր, որոնք թույլ կտան կրթությունը դարձնել գույնզգույն, տպավորիչ և ավելի զվարճալի։
«Մենք պատրաստում ենք կրթական ֆիլմեր, որոնք կարելի է դիտել 360 աստիճան ձևաչափով։ Սովորողները կարող են կինոթատրոնում ազատ տեղավորվել ու իրենց շուրջբոլորը տեսնել ֆիլմը։ Այդպիսով՝ տպավորվելով տեսածով՝ անկախ իրենցից՝ հիշում են այն նյութը, որը մատուցվել է իրենց»,- մեզ հետ զրույցում ասաց Արամյանը։
360 աստիճան ձևաչափով ֆիլմերը հնարավոր է դիտել 360 աստիճան կինոթատրոնում կամ վիրտուալ իրականության սարքավորումների միջոցով:
Լևոն Արամյանի խոսքով՝ այս ծրագիրը կրթությունն ավելի էֆեկտիվ է դարձնում. «Ունենք պատրաստած 3 ֆիլմ, չորրորդը շուտով պատրաստ կլինի։ Ֆիլմերի թեմաներն են՝ աստղագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն։ Նպատակ ունենք թեմաներն ընդարձակել՝ ներառելով պատմություն, աշխարհագրություն, որոնք նույնպես հետաքրքիր կլինի ներկայացնել»։
Ծրագրի հեղինակը նշեց, որ կրթական հաստատություններում բազմաթիվ փորձարկումներ են արել՝ համոզվելու համար, որ ներկայացվող նյութի և՛ բովանդակությունը, և՛ մատուցման ձևն առավելագույնս արդյունավետ է. «Այդ փորձարկումներին մոտ 10 հազար սովորող է մասնակցել։ Դա մեր առաջին համագործակցությունն էր դպրոցների հետ, որից հետո ունեցել ենք համատեղ հովանավորչական, սոցիալական ծրագրեր»։