Բաժիններ՝

«Նախարարի այցից հետո պարոն Մինասյանը չարաշահումներ է կատարում՝ պարտադրելով փոխել ուսումնական պլանները»

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բուհի գիտխորհրդի որոշումը, որը բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը որպես միջնորդություն է որակում:

Որոշման մեջ ասվում է.

1. Հաստատել ՇՊՀ «Դասախոսի ծանրաբեռնվածության ձևավորման հիմնական նորմեր»-ի փոփոխությունները՝ ընդ որում, 10 և 10-ից պակաս ուսանողների թվաքանակի դեպքում կուրսը համարել թերբեռնված՝ դասախոսի ծանրաբեռնվածությունը համարելով լսարանային ժամերի 50 տոկոսը:

2. 2017-2018 ուստարվանից առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով դասընթացներն իրականացնել ինտեգրված ձևով:

Գ. Համբարյանն 168.am-ի հետ զրույցում նշեց. «Պարոն Մինասյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն իր տեղում չէ, բուհական կրթության հետ ոչ մի աղերս չունի: Այդ անձնավորությունը չի հասկանում, թե ինչպես է ինքն իրեն վատ վիճակի մեջ դնում: Կամ՝ պարոն Մինասյանը չի տարբերում որոշումը միջնորդությունից: Սա ավելի զավեշտալի է և մեծ խայտառակություն:

Պարոն Մինասյանի կողմից ստորագրված փաստաթուղթը որոշում է: Դրա ապացույցն իմ ֆեյսբուքյան էջում դրված է, որի երկու կետերն էլ իրենց մեջ հանցանք են պարունակում: Նախ, առաջին կետով պարոն Մինասյանը կոպտորեն խախտում է կրեդիտային համակարգի մասին օրենքը, որի համաձայն՝ ուսանողի շաբաթական ծանրաբեռնվածությունը պետք է լինի 24 ժամ:

Այստեղ բացարձակ կապ չունի՝ կուրսերը թերբեռնված են, թե ամբողջությամբ բեռնված: Ուսանողները պետք է ամենաքիչը շաբաթական 24 ժամ անցկացնեն, այնինչ, պարոն Մինասյանի թեթև ձեռամբ՝ ինստիտուտում շատ մեծ քանակությամբ կուրսեր, որոնցում 11 ուսանողից ավելի քիչ ուսանող կա, պարապում են 50 տոկոսով. Այսինքն՝ շաբաթական ընդամենը 12 ժամ, ինչի պատճառով ոչ միայն օրենք է խախտվում, այլև բուհը չի կարող որակյալ կրթություն տրամադրել և հասնել վերջնական արդյունքի:

Երկրորդ կետով նախատեսվում է ինտեգրված ուսուցում: Մի բան, որը ՀՀ-ում գոյություն չունի, դա ապօրինի է և չի էլ կարող կիրառվել: Եթե Բարձրագույն կրթության մասին օրենքում կարելի է տեսնել հեռակա, ստացիոնար ուսուցման մասին կետ, ապա ինտեգրվածի մասին խոսք լինել չի կարող, և սա քննարկման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է Ս.Մինասյանի անտաղանդ փորձերին՝ որոշումը որպես միջնորդություն ներկայացնելը, ապա սա արդեն իր խնդիրն է. իր ստորագրմամբ փաստաթուղթը կա, որի երրորդ կետով նախատեսվում է, որ երկու որոշումներն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:

Այսինքն՝ դա որոշում է, ոչ թե միջնորդություն: Կրթության և գիտության նախարարի այցից հետո, օգտվելով իր պաշտոնական դիրքից, պարոն Մինասյանը սկսել է չարաշահումներ կատարել և հիմա բոլորին պարտադրում է փոխել ուսումնական պլանները: Պատկերացնում եք, չէ՞՝ սեպտեմբերի 1-29-ը մենք այլ պլանով ենք պարապում, հոկտեմբերի 2-ից այլ պլանով պետք է պարապենք: Հիմա պարոն Մինասյանը դա փորձում է ներկայացնել՝ որպես փորձաշրջան: Սա խայտառակություն է, որովհետև բարձրագույն կրթության ոլորտում, որպես այդպիսին, փորձաշրջան գոյություն չունի, իսկ եթե դու ինչ-որ նորույթներ ես փորձարկում, դա պետք է տևի մոտ մեկ տարի, և պետք է չազդի կրթական գործընթացի և կրթական որակի վրա: Սեպտեմբերի 29-ին Ս.Մինասյանը կարգադրել է բոլոր բաժիններին, ամբիոնի վարիչներին՝ ուսումնական պլանները փոխել:

Ինքը փորձում է մինչև վերահսկիչ հանձնաժողովի գալը կոծկել և սխալների ուղղում կատարել իմ և Խորիկյան Հովհաննեսի կողմից բարձացված խնդիրների վերաբերյալ, որոնք պետք է քննվեն, բայց ինչ ուզում է լինի, փաստը մնում է փաստ, որ այդ բոլոր ապօրինությունները տեղի են ունեցել»,- նշեց Գ.Համբարյանը:

Ըստ բանախոսի, Կրթության և գիտության նախարարը ռեկորի ու պրոռեկտորի ներկայությամբ հրահանգել է ուսանողներին դիմել դատարան:

«Եթե Լևոն Մկրտչյանն ուսանողներին հորդորում է դատարան դիմել, նշանակում է, որ պարոն ռեկտորը քրեորեն պատժելի արարք է գործել»:

Գ.Համբարյանի պնդմամբ՝ դա ասել են այն ուսանողները, ովքեր մասնակցել են Լ.Մկրտչյանի հետ հանդիպմանը:

«Հիմա պարոն Մինասյանը հայտարարում է՝ 90 տոկոս հավանականությամբ՝ իրենք ինտեգրված ուսուցում չեն անելու: Սա զավեշտի երկրորդ մասն է: Մենք բուհում ենք աշխատո՞ւմ, թե՞ խանութում, որտեղ զեղչեր են անում: Հետո էլ 10 տոկոս հավանականությամբ էլ կարող է ասել, որ մենք ինտեգրված ուսուցման են անցնում: Շիրակի պետական համալսարան ժամանող ստուգողների կողմից պետք է անաչառ հետաքննություն անցկացվի, և վերջնական արդյունքը ներկայացվի հանրությանը»:

Պարոն Համբարյանն անդրադարձավ նաև գրադարանին. «Փորձում են ներկայացնել, թե իբր այն լիովին անվնաս է: Փոշին մաքրելու հետևանով գրապահոցներից վերացել է գրքերի կեսից ավելին: Եթե 2015 թվականի դրությամբ մեր գրադարանում եղել է 138.000-ից ավելի գիրք, ապա այժմ գրադարանում դրա կեսն էլ չկա: Կարելի է ենթադրել, որ մեկ տարի ռեկտոր նշանակվելուց հետո պարոն Մինասյանը հեքիաթային ձևով պարզել է, որ այդ գրքերն առողջությանը վնաս են, սնկային հիվանդություններ ունեն ու փոշոտ են: Ամբողջ Գյումրին է փոշու մեջ պատված, գրքերը որ փոշոտ լինեն, ուրեմն կարելի է վերացնե՞լ: Գիրքն իր արժեքը չի կորցնում երբեք: Ես Նոր պատմությունը կարող է դասավանդեմ 1975 թվականին հրատարակված գրքով, որն ավելի մեծ ինֆորմացիա է պարունակում, քան շատ այլ նոր հրատարակություններ: Իհարկե, ես նորերից էլ եմ օգտվում, բայց այդ գրքերի նկատմամբ բարբարոսաբար վարվելն աբսուրդ է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս