Վերականգնողական ժամանակակից կենտրոն՝ անապահով և հաշմանդամ երեխաների համար

Սեպտեմբերի 24-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում (հասցե` Իսրայելյան 3) տեղի ունեցավ անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոնի հանդիսավոր բացումը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայազգի բարերար-գործարարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Կենտրոնը «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի նախագծերից մեկն է։

«Երևան, իմ սեր» հիմնադրամի հիմնադիրը բարերար, ՀՀ նախկին վարչապետ, Eurasia House International-ի նախագահ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է։

Հիմնադրամն ունի հայազգի և օտարերկրացի տասնյակ նվիրատուներ և աջակիցներ, մեկենասներ։

Կարդացեք նաև

Հիմնադրամի երեք կարևորագույն նպատակներն են՝

1. Պատմական և մշակութային ժառանգություն հանդիսացող շենքերի վերականգնում և պահպանություն:

2. Վերականգնված պատմական ժառանգություն հանդիսացող շինությունների նոր բովանդակության ձևավորում՝ դրանք ծառայեցնելով անապահով, կարիքավոր և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին:

3. Աշխարհի տարբեր երկրներում ապրող և գործունեություն ծավալող հեղինակավոր անհատներին և կազմակերպություններին մասնակից դարձնել «Երևան, իմ սեր» հիմնադրամի բարեգործական նախագծերին` Հայաստանի և նրանց միջև նոր կապեր և կամուրջներ ստեղծելով։

19-րդ դարի կեսերին կարմրավուն տուֆով կառուցված պատմական ճակատով կիսավեր շինությունը տասնյակ տարիներ անուշադրության էր մատնվել։ Երբեմնի գեղեցիկ կառույցը քայքայվելով՝ վերածվել էր անտունների կացարանի, իսկ հարակից տարածքը և բակը հարևան շենքերի բնակիչների համար ծառայում էր՝ որպես աղբանոց։ Այսօր արդեն այդ գեղեցիկ պատմական կառույցը նոր կյանք և բովանդակություն է ստացել՝ պահպանելով ճարտարապետական նախկին տեսքը։

Նախագծի գաղափարն ու կառուցապատումն իրականացնող «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի կարևորագույն նպատակներից է՝ պահպանել հին Երևանի ճարտարապետական ժառանգությունը և նոր շունչ հաղորդել վերականգնված շենքերին՝ իրագործելով բարեգործական ծրագրեր և նախաձեռնություններ։

«Նոր սերնդի կրթության ու դաստիարակության աստվածահաճո այս առաքելությանն իր մասնակցությունը բերելու ազնիվ զգացումով է, որ դեռևս 2 տարի առաջ մեր Եկեղեցու նվիրյալ զավակ ու բարերար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան տիար Արմեն Սարգսյանն առաջարկ ներկայացրեց՝ «Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակներում, վերակառուցելու և ավարտին հասցնելու այս շինությունը` որպես ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար նախատեսված սոցիալ-մշակութային կենտրոն: Նույն ազնիվ մղումով նա, իր իսկ կողմից կառուցած Մայր Աթոռի Ս. Վարդան-Ս. Հովհաննես Մկրտիչ մկրտարանի հարևանությամբ, բարեկարգում է Սուրբ Էջմիածնի այգին` այնտեղ ստեղծելով երեխաների համար ևս մի կրթական-մշակութային կենտրոն: Մեկ այլ կրթական կենտրոնի կառուցում Տիար Սարգսյանը ծրագրում է Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում»,- բացման արարողության ժամանակ իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Կենտրոնի նախագծման և կառուցման աշխատանքները «Երևան, իմ սեր» հիմնադրամը սկսել է դեռևս 2013թ.։ Մանկական կենտրոնը կառուցվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) պատկանող մոտ 800քմ հողատարածքի վրա։ Հիմնադրամի և ՀԱԵ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ կառուցվելուց հետո շենքը պատկանելու է ՀԱԵ-ին և օգտագործվելու է բացառապես «Երևան, իմ սեր» հիմնադրամի նախագծերի համար։ Նշենք նաև, որ նորաստեղծ այս կենտրոնը լինելու է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Հայորդաց տուն» համակարգի մաս։

Նորաստեղծ այս կենտրոնի հիմնական առաքելությունն է՝ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաներին։ «Երևան, իմ սեր» հիմնադրամի այս նախագծի խոշորագույն նվիրատուներ են հանդիսանում Հայկ և Էլզա Դիդիզյանները, որոնց անունով էլ անվանակոչվեց կենտրոնը։

2017թ. հունիսի 1-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որի շրջանակներում «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից հիմնովին վերակառուցված կենտրոնում կգործի նաև Ընտանեկան աջակցություն կենտրոնը։ Ընդարձակ և միջազգային չափանիշերին համապատասխանող կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կիրականացվեն մի շարք վերականգնողական և կրթական ծրագրեր, ինչպես նաև՝ ճանաչողական և ֆիզիկական թերապիա:

Ընտանեկան աջակցության կենտրոնի ծառայություններն առաջին հերթին նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, սակայն չեն սահմանափակվում նրանցով։ Կենտրոնի դռները բաց կլինեն նաև փախստական ու տեղահանված երեխաների, պատշաճ խնամքից զուրկ և այլ՝ սոցիալապես անապահով խավերի մանուկների համար։ Մեկ տարվա ընթացքում շուրջ 150 ծնող կմասնակցի հատուկ դասընթացների, որտեղ նրանք ձեռք կբերեն հաշմանդամություն ունեցող երեխաներին առավել լավ խնամք տրամադրելու հմտություններ։ Կենտրոնը նախատեսված է տարեկան թվով մոտ 1000 երեխայի սպասարկելու համար։

Երեխաների համար նախատեսված կենտրոնի բացառիկ առանձնահատկություններից է լինելու նաև ընդարձակ կանաչապատ այգին, որտեղ կանցկացվեն կրթական դասընթացների և թերապիայի մի մասը, կկազմակերպվեն բացօթյա ցուցադրություններ և ներկայացումներ։ Նորաբաց կենտրոնում կաշխատեն «Լիարժեք կյանք» հ/կ-ի մասնագետները, որոնք ունեն նմանատիպ ծառայություններ տրամադրելու հարուստ և բազմակողմանի փորձ։

«Երևան, իմ սեր» հիմնադրամի մասին

«Երևան, իմ սեր» հիմնադրամը Երևանի ճարտարապետամշակութային ժառանգության վերականգնմանն ուղղված խոշոր ծրագիր է, որի գերագույն նպատակն է՝ պահպանել քաղաքի պատմական, ճարտարապետական ժառանգությունը, ավանդույթները և միջավայրը, ապահովել պատմական շենքերի նորովի կիրառությունը 21-րդ դարի նոր սերնդի կարիքների բավարարման, նոր և լուսավոր այնպիսի նպատակների և գաղափարների համար, որոնք կնպաստեն կյանքի որակը բարելավելուն։

Հիմնադրամի նախագծերը նպատակ ունեն բարելավել երեխաների և երիտասարդների առողջությունը, կրթությունը և կենսապայմանները, հատկապես՝ ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքների, առողջական խնդիրներ ունեցող երեխաների:

Հիմնադրամի հայազգի և օտարերկրացի տասնյակ նվիրատուներից, աջակիցներից և մեկենասներից են՝ բարերար Արմեն Սարգսյանը, բարերար Վաչե Մանուկյանը (Մեծ Բրիտանիա), բարերար Հայկ Դիդիզյանը, Ուաֆիք Սայիդը (Wafic Saտd (Saտd Holdings), Օքսֆորդի համալսարանի Բիզնես դպրոցի հիմնադիր), Սերգեյ Համբարձումյանը («ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր, Ռուսաստան), Էնձո Բենինին (Enzo Benigni, Chairman of the Board and Managing Director of Elettronica S.p.A.), ENI ընկերությունը, Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերությունների խումբ) Ռուբեն Վարդանյանը («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր), Ռոսս Պերոտ ընտանիքը (Ross Perot family, ԱՄՆ), Ambani ընտանիքը (Ambani family, Հնդկաստան), և այլք։

Հիմնադրամի լավագույն բարեկամն է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզը, ով Արմեն Սարգսյանի անձնական հրավերով 2013թ. մայիսի 28-30-ը մասնավոր այցելությամբ Հայաստան էր ժամանել։ Ի դեպ, Ուելսի արքայազն Չարլզն Արքայական ընտանիքի առաջին անդամն էր, ով այցելել էր Հայաստան, հանդիպումներ էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, այցելել Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձաններ, Մատենադարան և ներկա գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամի նախաձեռնած գալա համերգին ու ընթրիքին, որը տրվելու էր ի նպաստ Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:

Հ.Գ. «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ նախագծի իրականացման ողջ ընթացքում աջակցելու և քաջալերելու համար։

Լուսանկարները՝ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս