Բաժիններ՝

«Չեմ կարծում՝ եզդի ժողովրդի ավանդույթի մեջ է մտնում չկրթվելը, որովհետև հետամնացությունը որևէ ժողովրդի ավանդույթը չէ». Բորիս Մուրազի

«Մենք ուրախանում ենք, որ վերջին տարիներին հատկապես եզդուհիների թիվը բուհերում շատացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը:

Նրա խոսքով՝ բուհերում սովորող եզդի աղջիկների թիվը նույնիսկ սկսում է գերազանցել տղաների թվին. «Սա գովելի է, մեզ ուրախանալու տեղիք է տալիս: Եթե որոշ մարդիկ գտնում են, որ աղջիկները պետք է չսովորեն, առաջ չգնան, սա միայն մեզ վնասում է: Եթե այսօր Հայաստանում պաշտոնապես ճանաչվում է 11 ազգ, մենք 40 հոգի ենք Հայաստանում, բայց բարձրագույն կրթություն ստացողների առումով մենք վերջին տեղում ենք: Սա տխուր է, բայց փաստ է: Այստեղ պետք չէ մեղքը փնտրել մեր համայնքից դուրս, մեղավորը մենք ենք, մեր մտավորականությունն է: Մեր նման ժողովուրդների փրկությունը կրթության մեջ է, ես այլ ճանապարհ չեմ տեսնում»:

Հարցին, թե՝ 12-ամյա պարտադիր կրթությունը Հայաստանում կարո՞ղ է խնդիրներ առաջացնել ձեր համայնքում, Հ. Թամոյանն այսպես պատասխանեց. «Ասել, թե այս հարցում մենք խնդիր չենք ունենա, անկեղծ չեմ լինի, բայց հիմա մեր առաքելությունը նա պետք է լինի, որ գնանք դեպի կրթություն: Մենք հիմա յուրաքանչյուրս պետք է լծվենք այն գործին, որ մեր երեխաները կրթվեն»:

Եզդի համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Բորիս Մուրազին էլ ասաց, որ գյուղական համայնքներում կանանց գերակշիռ մասը 9-րդ դասարանից հետո չի հաճախում դպրոց. «Պարոն Թամոյանն ասաց, որ մեղավորություն պետք չէ փնտրել համայնքից դուրս, բայց ես կարծում եմ՝ մենք ապրում ենք իրավական պետության սահմաններում, ու այստեղ կան օրենքներ, այդ օրենքների կյանքի կոչելով՝ պետությունը պետք է հետևողական լինի:

Պետությունը պետք է նաև հաշվի առնի ընտանիքի սոցիալայան վիճակը, եթե մարդը չի կարողանում իր երեխային դպրոց ուղարկել, որովհետև չի կարողանում գրքի գումար վճարել, կամ հագուստ գնել, կամ այլ խնդիրներ լուծել, պետությունը նման ընտանիքներին պետք է աջակցություն տա, ոչ թե տուգանի: Իսկ այն ծնողները, որոնք այդ սոցիալական խնդիրները չունեն ու երեխային դպրոց չուղարկելը մեկնաբանում են միայն իրենց ավանդույթներով, ապա միանշանակ սա պետք է պետության կողմից պատժվի: Ի վերջո, այդ օրենքները բոլորի համար են: Եթե խոսում ենք ավանդույթներից, չեմ կարծում՝ եզդի ժողովրդի ավանդույթի մեջ է մտնում չկրթվելը, որովհետև հետամնացությունը որևէ ժողովրդի ավանդույթը չէ, դա կարծրատիպ է: Կարծում եմ՝ այս դեպքում պետությունը պետք է հետևողական լինի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս