Մշակույթի նախարարության կիսամյակային «չեմպիոնները»

«Չեմպիոն» որակումից և թվային ցուցանիշների վրա հիմնված գնահատականներից խրտնել պետք չէ։ Այս ցուցանիշները որակյալ աշխատանքի վկայական են։

Սեպտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսում «չեմպիոնների» անունները բարձրաձայնելիս նախարար Արմեն Ամիրյանը փոխանցեց, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում նախարարության մի շարք ՊՈԱԿ-ների գրանցած եկամտային աճը հիմնականում գոյացել է տոմսերի վաճառքի հասույթից.

«Սա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ տեղացիների և զբոսաշրջիկների ենք հասանելի դարձրել մեր դասական, արդի արվեստն ու պատմական հուշարձանները, ավելի շատ են հանրահռչակվել մեր մշակույթը, մշակութային մեր օջախները»։

Այսպես. 2016թ. առաջին կիսամյակի համեմատ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում միայն տոմսերի վաճառքից հասույթը 2016թ. առաջին կիսամյակում եղել է 7 միլիոն 346 հազար դրամ, 2017-ի առաջին կիսամյակում՝  13 միլիոն 811 հազար դրամ։

Հանդիսատեսի ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա առաջին կիսամյակում Գյումրու թատրոնում կազմել է 10 հազար 377 մարդ, 2017թ-ի նույն ժամանակահատվածում դարձել 22 հազար 983՝ գրանցելով ավելի քան հարյուր տոկոսով աճ: Ի տարբերություն նախորդ տարվա առաջին կիսամյակի 35 ներկայացումների, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 70 ։

Կոմիտասի թանգարան ինստիտուտի եկամուտերն աճել են 156,7 տոկոսով, Սերգեյ Փարաջանով թանգարանի եկամուտները՝ 144,5 տոկոսով։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նույն ցուցանիշը 141,5 տոկոս է։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթով Թատրոնը ևս «չեմպիոն» է. 2016-ի առաջին կիսամյակում՝ 41 միլիոն 335 հազար դրամ, 2017-ի առաջինում՝ 76 միլիոն 526 հազար դրամ։

Խնկո Ապոր անվան ազգային հանկական գրադարանի եկամուտներն աճել են 137 տոկոսով, Հայաստանի ազգային գրադարանինը՝ 131 տոկոսով։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եկամուտներն աճել են 132,6 տոկոսով ( միայն տոմսերի վաճառքից հասույթը 2016թ. առաջին կիսամյակում եղել է 12 միլիոն 365 հազար դրամ, 2017-ի առաջին կիսամյակում կրկնապատկվել է՝ 24 միլիոն 902 հազար դրամ)։

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի եկամուտները նույն տվյալներով ավելացել են 130,6 տոկոսով, Հայաստանի ազգային պատկերասրահինը՝ 129,1 տոկոսով։

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսը դիտելու համար սեպտեմբերի 15-ի բացումից մինչև սեպտեմբերի 24-ը Պատկերասրահ է այցելել 4000 մարդ. օրական միջինը՝ 800-850 այցելու։ Մինչև սեպտեմբերի նույն օրը ցուցահանդեսն այցելուներից ստացել է 4 միլիոն 145 հազար դրամի եկամուտ.

« Սա բավական լուրջ ցուցանիշ է, Հայաստանում ցուցադրությունների համար՝ բացարձակ ռեկորդ։ Համոզված եմ, հունվարի 15-ին այս ցուցահանդեսի փակումից հետո նույնպես ռեկորդային թվեր ենք գրանցելու»։

Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության եկամուտների աճի ցուցանիշը 122,5 տոկոս է։ Միայն տոմսերի վաճառքից ստացված հասույթը 2017թ. առաջին կիսամյակում կազմել է 107 միլիոն 902 հազար դրամ՝  2016-ի առաջին կիսամյակի 79 միլիոն 39 հազարի դիմաց.

2017թ. առաջին 8 ամիսներին միայն Գառնի արգելոց թանգարանը սպասարկել է 260 հազար 72 այցելուի, մինչդեռ ամբո′ղջ 2016 թվականին՝ ընդամենը 249 հազար այցելուի։ 2017թ. առաջին 8 ամիսներին Արգելոց թանգարանը ստացել է 194 միլիոն 472 հազար դրամի եկամուտ, մինչդեռ ամբո′ղջ 2016 թվականի եկամուտը կազմել է 185 մլն դրամ։ 2017-ի առաջին կիսամյակի ցուցանիշները 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 52 տոկոսով.

«Սա բավական լուրջ ցուցանիշ է, և դա արվել է հիմնականում գովազդային արշավի, հանրահռչակման, աշխատանքի ճիշտ կազմակերպման, պլանավորման, այցելուների հոսքերը ճիշտ  կառավարելու արդյունքում»։

Հայաստանի պարի պետական անսամբլի եկամուտներն աճել են 118,5 տոկոսով, Հայաստանի պատմության թանգարանինը՝ 62, 7 տոկոսով։

«Մշակութային կապիտալիզացիա» արտահայտությունը երբեմն ոչ բավարար կամ ոչ  ճիշտ է մեկնաբանվում հասարակության շրջանում.

« Որպեսզի հասկանալի լինեմ, դասական ամենաթարմ օրինակը դեսպան Ռիչարդ Միլսի հետ ցույց տվեցինք Արենի 1 քարանձավում, երբ կատարվեց ԱՄՆ-ի դեսպանի մշակութային հիմնադրամի ֆինանսական հատկացումներով ստեղծված ենթակառուցվածքների բացումը ։ Սա′ է կապիտալիզացիան, երբ ստեղծվում են հարմարվետ, հրապուրիչ, ապահով պայմաններ մշակութային օջախներում. տվյալ դեպքում՝ պատմամշակութային հուշարձանում։ Շուտով քարանձավը զբոսաշրջային նպատակով վարձակալության տալու մրցույթը կավարտվի, իսկ մրցույթի պայմաններից է գիտական աշխատանքին՝ պեղումներին աջակցելը։ Մշակույթի կապիտալիզացիան այս ամբողջ շղթան է»։

Տեսանյութեր

Լրահոս