
Միջադեպ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ. Օռնելլա Մուտիի ելույթը և Դոն Պիպոյի որդու արկածները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Մարզահամերգայինում համերգի ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել։
Երբ «Ծագումով հայեր» հաղորդման հավաքի ժամանակ իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին բարձրացել է բեմ ու իտալերեն խոսել, նրա խոսքը թարգմանել է համերգի հովանավոր Դոն Պիպոյի որդին՝ թարգմանելով ոչ թե հայերեն, այլ՝ ռուսերեն։
Դահլիճից բացականչել են՝ հայերեն, հայերեն։
Եվ դահլիճին «խաղաղեցնելու» համար հանդիսատեսի միջից մի երիտասարդ, կոստյումը հագնելով, վազել է բեմ ու սկսել մի կերպ թարգմանել Մուտիի խոսքը՝ իտալերենից հայերեն։
Ապա խոսել է Պիպոյի որդին՝ ռուսերեն հայտարարելով, թե կխոսի անգլերեն, եւ բեմ բարձրացած երիտասարդն ստիպված է եղել դա էլ թարգմանել հայերեն՝ «կոտրատված հայերենով»։
Ի դեպ, դահլիճում նստած է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: