«Սա փոխշահավետ գործընթաց է և՛ ԵՄ-ի, և՛ Արևելյան գործընկերության երկրների համար». Կարոլինա Զբիտնևսկա
«Ռեֆորմների գործընթացն Ուկրաինայում դեռևս շարունակվում է, այն ոչ միշտ է անցավ, ոչ միշտ է բերում այն պտուղները, որը հաշվարկում է հասարակությունը, և երբեմն այդ պրոցեսը պետք է խթանել, ինչը և մենք անում ենք»,- այսօր «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոն:
Նա նշեց, որ ԵՄ-ի հետ ազատ վիզայի ռեժիմը դարձել է ռեֆորմների իրականացման շատ կարևոր գործիք: Ի. Սուշկոյի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում այն նույնպես մեծ դեր ունեցավ:
«Այսօր ստեղծվել են մի շարք հակակոռուպցիոն մարմիններ. չեմ կարող ասել, որ շատ արդյունավետ են աշխատում, բայց այն բազան, որի հիման վրա նրանք պետք է աշխատեն, շատ որակյալ է: Այսօր հարց է, թե ինչքանո՞վ են Ուկրաինայի քաղաքական էլիտաները պատրաստ ոչ միայն բարեփոխումների իմիտացիա անել, այլ հենց իրականում անել դրանք: Իշխանությունները ոչ միշտ են պատրաստ մինչև վերջ գնալ, բայց միայն նրա համար, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը բավականաչափ ակտիվ է, և շնորհիվ նաև ԵՄ-ի օգնության՝ մենք, ամեն դեպքում, առաջ ենք տանում այդ խնդիրը»,- նշեց Ի. Սուշկոն:
«EURACTIV Poland»-ի գլխավոր խմբագիր Կարոլինա Զբիտնևսկան էլ նշեց, որ Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքները շոշափելի են. «Բացի նշված ազատ վիզայի ռեժիմի առավելություններից, որոնք տրամադրում են քաղաքացիներին ազատ ճամփորդելու հնարավորություն, նաև հնարարավորություն է տրվում քաղաքացիներին առանց ռոումինգի՝ հեռախոսից օգտվելու հնարավորություն, որը գործելու է ամբողջ տարածաշրջանի տիրույթում: Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ավելի շատ խոսել, համագործակցել իրար հետ, ինչպես նաև ապագայում ավելի շատ ճանապարհորդել: Գոյություն ունեն նաև շփման և փոխանակման, փոխգործակցության ամրապնդման հնարավորություններ, ինչպես Հայաստանի և Վրաստանի միջև ազատ փոխանակման և էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունն է»:
Կ. Զբիտնևսկան նկատեց, որ այդ համաձայնագրի ստորագրումից ԵՄ-ի համար էլ կան օգուտներ, որոնք նույնպես շոշափելի են. «Մեր հարևանության կայունությունը, մեր սահմանների անվտանգությունը, ինչպես նաև պարզ ֆինանսական և առևտրային օգուտներ: Սա փոխշահավետ գործընթաց է և՛ ԵՄ-ի, և՛ Արևելյան գործընկերության երկրների համար»:
Հարցին, թե՝ եթե այս անգամ էլ Հայաստանը չստորագրի այդ փաստաթուղթը, միջազգային հարթակում ինչպիսի՞ տպավորություն կստեղծվի Հայաստանի համար, Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն նախ պատասխանեց, որ ինքը ողջունում է Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերը՝ խթանելու այս գործընթացը. «Տպավորությունները ստեղծվում են ժողովուրդների, և ոչ թե՝ առաջնորդների մասին, և այդ առումով Մոլդովան ունի շատ լավ տպավորություն հայ ժողովրդի մասին, ու դա կմնա անփոփոխ»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց, որ մենք մտավախություն միշտ ունենք, որ ազատ ռեժիմի դեպքում հայերի արտագաղթի տեմպերը կավելանան, սակայն այսօր իրենք իրենց մոլդովացի և ուկրաինացի գործընկերների հետ քննարկում են ունեցել, որոնք ասել են, որ այդ մտավախություններն իզուր են. «Երբ մարդիկ ազատ տեղաշարժվելու հնարավորություն են ստանում, նրանք այդ հնարավորությունը գնահատում են, փայփայում են, այլ ոչ թե նորից գնում են ինչ-որ խախտումների: Ես չեմ հավատում, որ չենք ստորագրի: Մեր իշխանությունները վերջին երկու ամսում բոլոր հնարավոր և անհնար հարթակներից ասում են, որ կստորագրենք: Այս պայմանագիրը շատ կարևոր է մեզ համար, որ մենք ունենանք իրավական հիմքեր ԵՄ երկրների հետ համագործակցելու: ԵՄ-ն միակ կառույցն է, որն ուղղակիորեն աջակցում է ՀՀ-ին, ի տարբերություն մեր ուրիշ գործընկերների, որոնք Հայաստանից փող են դուրս բերում»: