«Թուրքիան Երևանի վրա դուրս գալու տարբերակներ է փնտրում»

«Պատահական չէ, որ ՀՀ նախագահն իր ելույթում բարձրացրեց Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու հարցը, որը նախատեսում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում։ Ընդհանրապես, պետք է ասել, որ հասունացել է ժամանակը հայ-թուրքական սահմանի բացման համար։ Եթե Թուրքիան ակտիվ բանակցում է Մոսկվայի հետ և ցանկանում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել, ապա Թուրքիայի համար այժմ Հայաստանն ավելի մեծ կարևորություն է ստանում, քան Ադրբեջանը։ Ահա այդպիսի պարադոքս է»,- 168.am-ին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի նախագահի ելույթի մասին։

Ըստ նրա՝ այժմ Թուրքիան «Երևանի վրա դուրս գալու» տարբերակներ է փնտրում, բայց այնպես, որ չխրտնեցնի Բաքվին, սակայն դա հնարավոր չէ.

«Բայց նրանք պարտադրված կլինեն ինչ-որ բան անել արձանագրությունների հետ։ 2 շրջաններ վերադարձնելու մասին Նալբանդյանի հայտարարությունը պատահական չէր։ Եթե այդ կոնտեքստում դիտարկենք, ապա հնարավոր է վերադառնում ենք այն սցենարին, որի մասին խոսում էին Թուրքիայի նախկին վարչապետն ու ԱԳ նախարարը, որ խնդրում էին Երևանին վերադարձնել 2 շրջան, իսկ փոխարենը խոստանում էին վավերացնել արձանագրությունները։ Հնարավոր է, որ այժմ Թուրքիան խնդրում է Հայաստանին վերադարձնել 2 շրջան, որպեսզի ինքն ազատվի կապանքներից և կարողանա Ադրբեջանին ասել՝ տեսեք, մենք ձեր համար 2 շրջան վերադարձրեցինք, դուք դա էլ չէիք կարողանում։ Եվ դրանից հետո կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես վստահ չեմ այս հարցում, բայց ես նման կասկած ու տպավորություն ունեմ»։

Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեա էր մեկնել իր տիկնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, և դստեր հետ։ Վերջինս հոր ելույթի ընթացքում սելֆի էր անում։ Հարցին, թե ինչի՞ մասին է խոսում այս փաստը, ինչո՞ւ էր Ալիևը Գլխավոր ասամբլեա ներկայացել ընտանյոք հանդերձ, Տարասովը պատասխանել է.

«Կարծում եմ՝ ավելի կարևոր հանգամանք կա. Սերժ Սարգսյանը Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ մայրենի լեզվով՝ հայերենով։ Նա ցույց տվեց, որ ինքը մի պետության ներկայացուցիչն է, որը հնագույն պատմություն ու հնագույն լեզու ունի, իսկ Ալիևը ելույթ ունեցավ անգլերեն՝ հրաժարվելով մայրենի լեզվից։ Իսկ աղջկա ու կնոջ հետ այցը զբոսաշրջային էքսկուրսիայի շարքին պետք է դասել»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս