«Դա արվում էր Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում զսպելու համար». Քաղաքագետը՝ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի մասին
«Նախագահը վերջնաժամկետ ներկայացրեց պաշտոնական Անկարային՝ Ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար, որովհետև իրավիճակ է փոխվում տարածաշրջանում, փաստաթղթերը բանակցվել են քաղաքական մեկ իրավիճակում, իսկ հիմա այլ զարգացումներ կան տարածաշրջանում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա կարծում է՝ դա հատկապես արվում էր Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում զսպելու համար. «Որովհետև վերջին երկու-երեք տարիներին մենք տեսնում ենք, թե որքան ակտիվացել է թուրք-ադրբեջանական համագործակցությունը հենց հակահայկական հողի վրա: Դա ոչ միայն միջազգային քաղաքական հարթակներում կամ տնտեսական աջակցությամբ է երևում, այլ հենց Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը և համատեղ զորավարժություններն էլ դրա մասին են խոսում: Հետևաբար՝ նախագահ Սարգսյանը փորձում է փաստի առջև կանգնեցնելով Թուրքիային՝ կտրել նրան Հարավային Կովկասում ավելի ակտիվ դերակատարում ունենալու հնարավորությունից, և նաև փորձում է զրկել նախագահ Սարգսյանի կողմից սկսված պրոցեսում նախաձեռնողականություն ցուցաբերելու հնարավորությունից: Այսինքն՝ նա հստակ ասաց, որ, եթե ինչ-որ մեկը Թուրքիայում կարծում է, թե երբ իրենց հարմար է, կարող են վավերացնել, սխալվում է:
Դրա համար այդ վերջնաժամկետը ներկայացրեց և դրան հավելեց նաև ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարում Հայաստանի նոր նախաձեռնության մասին, որը շուտով ՄԱԿ-ում կներկայացվի: Պարզ է, որ Երևանը որոշակի վտանգներ է տեսնում Թուրքիայից և հիմա փորձում է քաղաքական մեխանիզմներով այդ վտանգները կասեցնել տարածաշրջանում և թույլ չտալ, որ դա բացասական ազդեցություն ունենա մեր երկրի համար»: