«Սարգսյանի հայտարարությունը բավականին հռետորական է»
Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովի հետ
– Պարոն Դուբնով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից մինչև հաջորդ գարուն վերջնաժամկետ տվեց պաշտոնական Անկարային` դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: Ստացվում է, որ Ս. Սարգսյանն իր պաշտոնավարումը սկսում է ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկով և ավարտում արձանագրությունները չեղարկելո՞վ։
– Ես շատ զգույշ կլինեի՝ «ավարտում է նախագահությունը» արտահայտության դեպքում։ Նա պաշտոնապես ավարտում է նախագահությունը, բայց սկսվում է նրա իշխանության երկրորդ փուլը։ Եվ բավականին հետաքրքիր է, որ նա ոչ թե ավարտում, այլ սկսում է նոր մոտեցում նույն թեմայից։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Սարգսյանի հայտարարությունը բավականին հռետորական է, քանի որ այժմ Անկարան ոչ մի լավ բան չի պատասխանի այդ գաղափարին։ Բայց Սարգսյանի նախընտրական արշավի նոր մոտիվը որոշակի չափով կլինի ինքնիշխանության նոտաների ուժեղացումը, իհարկե, խելամտության և թույլատրելիության սահմաններում։ Ամեն դեպքում, կոմպլեմենտարիզմի շրջանակներում Սարգսյանը մի քիչ ավելի շատ անկախություն կխորհրդանշի, քան նախագահության տարիներին։
– Կարծում եք՝ Անկարան կանտեսի՞ Սարգսյանի հայտարարությունը, թե՞ որոշակի պատասխան, այնուամենայնիվ, կլինի։
– Անկարան շատ տարբեր հնարավորություններ ունի այս կամ այն կերպ պատասխանելու Սարգսյանին։ Խնդիրն այն է, թե որքան դա կկարևորի Անկարան։ Բայց Անկարան, ամենայն հավանականությամբ, կմերժի, քանի որ դժվար թե ներկայումս Անկարայի ծրագրերում կա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման դրույթը։
– ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը դեռ 2008թ. բաց հայտարարում էր, որ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի դեպքում կարող են դրական զարգացումներ լինել հայ-թուրքական հարաբերություններում։ Ձեր կարծիքով՝ խնդիրը միայն հակամարտությո՞ւնն էր, որ արձանագրություններն ապարդյուն եղան։
– Ես կարծում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը միայն պատճառ էր այնպես, ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականության շատ այլ հարցերում։ Կարծում եմ, որ այստեղ իր դերն է ունեցել Ադրբեջանը, որը, այսպես ասած, ի դեմս Ռուսաստանի՝ այս դեպքում գտավ իր մարտավարական գործընկերոջը։ Այդ երկուսը միասին այս թեման շատ լավ խաղարկեցին և Սերժ Սարգսյանին դրեցին գրեթե նույն ընտրության առջև, երբ նա 5 տարի անց՝ 2013 թ. սեպտեմբերին, ստիպված էր որոշում կայացնել՝ ստորագրե՞լ ԵՄ-ի հետ ասոցիացման պայմանագիրը, թե՞ ոչ։ Եվ երկու անգամ Սերժ Սարգսյանը ետ կանգնեց հայտարարված նպատակից։ Ես կարծում եմ, որ Ղարաբաղն այստեղ զուտ ձևական պատճառ է եղել, և կրկին զուտ հայկական իշխանության բնույթը թույլ չի տալիս նրան շատ ավելի լուրջ, ցուցադրաբար հեռավորություն պահպանել մոսկովյան իշխանություններից։
– Որոշ հայ վերլուծաբաններ գտնում են, որ այդ արձանագրությունները ոչ այնքան հայ-թուրքական են, որքան ռուս-թուրքական։
– 2008 թ. այդ արձանագրությունները, իհարկե, հայ-թուրքական էին, և ընդ որում՝ «հայ»-ը՝ շատ ավելի լայն իմաստով, որովհետև այդ իրադարձություններն իսկապես միջազգային նշանակություն ունեին, և Հայաստանն այն ժամանակ կարող էր հանդես գալ՝ որպես միջազգային մեծ քաղաքականության խաղացող, ինչպիսին նա ո՛չ նախկինում, ո՛չ էլ հետո չի եղել։ Եվ Սարգսյանը չհամարձակվեց։ Այդ պատճառով 2008-ին Ռուսաստանի դերակատարումը ես դրական չէի անվանի։
Ռուսաստանը երբեք հետաքրքրված չի եղել այդ առումով, Մոսկվան բավականին երկար սպասեց, ապա Ադրբեջանի հետ շատ հաջողությամբ խաղարկեց արձանագրությունների արգելափակումը։ Իսկ հիմա ռուս-թուրքական հարաբերություններում շատ ավելի խորություն, լրջություն և իմաստ կա, քան այս կամ այն կողմի հակվածությունը դեպի Հայաստանը՝ անկախ միջազգային քաղաքականությունում նրա դերից։
– ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին: Միջազգային հանրությունն ընդունո՞ւմ է այդ մեղադրանքը։
– Միջազգային հանրությունը հասկանում է, որ այդպիսի հակամարտությունները չեն լուծվում, նաև հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ամբողջ հռետորական հայտարարությունների անհրաժեշտությունը։ Այդ պատճառով նա շատ հանգիստ է վերաբերվում նման հայտարարություններին, քանի որ դրանք հերթապահ բնույթ են կրում և անխուսափելի են։
Բայց ես կարծում եմ, որ ավելի կոնկրետ գործընթացներ են տեղի ունենում։ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Նալբանդյանի ելույթում հնչած հայտարարություններն իրական ինչ-որ իրադարձությունների որոշակի արձագանք են։ Ցավոք, մենք դեռ չգիտենք, թե դա որքանով է լուրջ։ Բայց ես կարծում եմ՝ այն, որ Նալբանդյանը հայտարարեց որոշակի տարածքների վերադարձման մասին, առնվազն հասարակության արձագանքը ստուգելու նպատակ ուներ, եթե այդպիսի վերջնական որոշում կայացվի։
– ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Սիրիայում ՄԱԿ մանդատի և հովանու ներքո խաղաղապահ ջանքերի ձևավորման շուրջ հնարավոր քննարկումներին: Այստեղ ի՞նչ դրական և բացասական կողմեր կան Հայաստանի համար։
– Ես կարծում եմ, որ առանձնապես դրական կողմեր չկան, ինչպես նաև չկան բացասական կողմեր։ Պարզապես Սերժ Սարգսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գուցե միակ և հավատարիմ դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, որին կարելի է վստահել speechwriter-ի դերը կամ այն մարդու դերը, որը հնչեցնում է այն նախադասությունները, որոնք բարձրաձայնելու համար Լուկաշենկոն կամ Նազարբաևն այս կամ այն պատճառով հարմար չեն։
– Այսինքն՝ Սիրիայում խաղաղապահ հնարավոր առաքելությունը Հայաստանի համար աշխարհաքաղաքական կամ ռազմադիվանագիտական նշանակություն չունի՞։
– Ոչ։ Այդ հայտարարությունն արվել է միայն ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի միջազգային դերի առումով, որը, սակայն, ամենաորոշիչն ու ամենանշանակալին չէ, եթե չհաշվենք ներկայացուցչական գործառույթները։ Ըստ էության՝ ՀԱՊԿ-ի գոյությանն աշխարհում լուրջ չեն վերաբերվում։