Շինարարություն. Ոլորտ, որի մասին խոսելը հաճելի չէ
Կառավարությունը (ներկա և նախկին) միշտ առավել մեծ հաճույքով խոսում է այն ոլորտների մասին, որոնց գծով ցուցանիշները լավն են։ Ուշադրություն դարձրեք, թե ամենաշատն ինչի վրա է շեշտը դրվում նույն կառավարության մեկ տարվա գործունեության հաշվետվության մեջ՝ արտաքին առևտուր, արտահանում, արդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն։
Իսկ, օրինակ, շինարարության մասին խոսվում է հպանցիկ, մի տեսակ չուզելով, ընդամենն այլ ցուցանիշների շարքում հպանցիկ նշելով այս ոլորտի դինամիկան։
Ինչո՞ւ։ Որովհետև այն բացասական է։
Այսպես, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում իրականացվել է 143.9 մլրդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ՝ շինարարության ծավալը կրճատվել է 8.7%-ով։
Ո՞վ կցանկանա խոսել այս «անհաջողակ» ոլորտի մասին, որը 2009 թվականի ճգնաժամից ի վեր չի կարողանում մեջքն ուղղել։ Սակայն նույն շինարարությունն էր, որ մինչև 2009 թվականն ապահովում էր Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։ Անուշադրությունն այս ոլորտի հանդեպ մի տեսակ անարդար է, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք անդրադառնալ շինարարությանը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այստեղ։
Նախ՝ սկսենք նրանից, թե ով որքան է կառուցում։ Հունվար-հուլիսին ամենամեծ ծավալի շինարարություն իրականացրել են կազմակերպությունները՝ 66.6 մլրդ դրամ կամ ընդհանուրի 46.3%-ը։ Այդ թվում, 11.1 մլրդ դրամի շինարարություն իրականացվել է օտարերկրյա ներդրողների կողմից։ Նշենք, ի դեպ, որ օտարերկրյա ներդրողների կողմից իրականացված շինարարության ծավալը 3.3 անգամ աճել է։
Բնակչության միջոցներով այս տարվա հունվար-հուլիսին կատարվել է 38.6 մլրդ դրամի շինարարություն (ընդհանուրի 26.9%-ը), պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 12.5 մլրդ, համայնքների հաշվին՝ 2.6 մլրդ։
Միջազգային վարկերի հաշվին իրականացվել է 20.9 մլրդ դրամի շինարարություն։ Այդ թվում՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկերի հաշվին՝ շուրջ 5 մլրդ դրամի շինարարություն, Ասիական բանկի վարկերի հաշվին՝ 4.3 մլրդ դրամի շինարարություն։
Եվ վերջապես, մարդասիրական օգնության հաշվին կատարվել է շուրջ 2.5 մլրդ դրամի շինարարություն, որից 978 միլիոնը՝ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցների, 260 միլիոնը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին։
Իսկ ինչպե՞ս են փոխվել շինարարության ծավալները՝ ըստ առանձին աղբյուրների։ Այդ փոփոխությունը տոկոսային տեսքով ներկայացված է 2-րդ գծապատկերում։
Այս տարվա հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենից շատ՝ 23.9%-ով, նվազել է պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարությունը։ Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 14%-ով, կազմակերպությունների հաշվին իրականացված շինարարությունը՝ 10%-ով։
Մարդասիրական օգնության հաշվին իրականացված շինարարության ծավալները գրեթե չեն փոխվել՝ 0.2%-անոց աճ։ Բնակչության կողմից իրականացված շինարարության ծավալն աճել է 2.4%-ով, համայնքների հաշվին շինարարությունը՝ 5.5%-ով։
Քանի որ հոդվածի սկզբում խոսեցինք շինարարության ոլորտի երբեմնի փայլուն ցուցանիշների մասին, մի երկու խոսքով անդրադառնանք նաև դրանց։
Երրորդ գծապատկերում ներկայացված են Հայաստանում իրականացված շինարարության ծավալները (սյունակների տեսքով) և շինարարության աճի/նվազման տեմպը (կորի տեսքով)՝ 2007-2016 թվականների կտրվածքով։
Ինչպես նշեցինք, մինչև 2009 թվականի ճգնաճամը շինարարության ոլորտը բուռն աճ էր գրանցում։ Ծավալի առումով պիկային դարձավ 2008 թվականը, երբ իրականացված շինարարության ծավալը հասավ 842.3 մլրդ դրամիի (ընթացիկ գներով)։
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին իրականացվել է 397.8 մլրդ դրամի շինարարություն։ Այսինքն, ընթացիկ գներով համեմատելու դեպքում՝ 2016 թվականին 2.1 անգամ քիչ շինարարություն է իրականացվել, քան 2008 թվականին, և մոտ 1.5 անգամ քիչ, քան ճգնաժամային 2009 թվականին։
Իսկ գծապատկերում շինարարության ոլորտի դինամիկան արտացոլող կորը ցույց է տալիս, որ 2010 թվականից ի վեր՝ 7 տարիների ընթացքում, շինարարության ոլորտը միայն երկու անգամ է ոչ անկումային եղել՝ 2012 և 2015 թվականներին։ Ընդ որում, աճի տեմպերը կազմել են ընդամենը 0.2% և 0.3%։