«Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենաճկուն և ամենաիմաստուն պետական գործիչն է». Անդրանիկ Միհրանյան
Այսօրվա ասուլիսում լրագրողները Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կարծում՝ 2018 թվականից հետո Հայաստանում իշխանության փոխանցում կլինի՞, թե՞ ոչ:
Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց. «Ես չեմ տեսնում, որ կա նման ներքին կիսում՝ Կարեն Կարապետյան և Սերժ Սարգսյան: Ինչքան ես գիտեմ, նրանք գտնվում են հրաշալի հարաբերությունների մեջ մեկը մյուսի հետ»:
Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պարագայում եղավ այդ իշխանության փոխանցումը, քաղաքագետը պատասխանեց, որ դա մի քիչ ուրիշ ֆենոմեն էր.
«Իհարկե, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար ստեղծել հզոր կուսակցություն, ինչպես կար «Բարգավաճ Հայաստանը», և այն դառնար իշխող կուսակցություն, Ռոբերտ Քոչարյանը կմնար՝ որպես վարչապետ այդ կուսակցության կողմից, բայց Սերժ Սարգսյանն ինքնուրույն քաղաքական գործոն էր, ու դրա համար նա ինքը ստեղծեց իր կուսակցությունը, կուսակցությունն ունեցավ մեծ հաջողություն:
Մենք նրա հետ մինչև ընտրություններն էինք խոսել, նա ասաց՝ «եթե իմ կուսակցությունը կհասնի մեծ հաջողության, ես կհավակնեմ, որ այդ կուսակցության միջոցով դառնամ նախագահ»:
Որովհետև ես լավ ճանաչում եմ Ռոբերտին, և այդ իրականությունն այն ժամանակ գիտեի. նրա կամքը, ուժը, վճռականությունը, խուճապի չմատնվելու կարողությունը բարձր եմ գնահատում, գիտեմ, որ նա լուրջ պետական գործիչ է, բայց այդ տեսակ հարաբերությունների մեջ՝ բազմաքայլ կոմբինացիաներ, ուժեր համախմբել, մոբիլիզացիա անել, տեսնել նրանց հետագա ընթացքը, այս հարցերում Սերժ Սարգսյանը հայկական պետականության մեջ ամենափորձված քաղաքական գործիչն է: Ես նրան համարում եմ Հայաստանի ամենաճկուն և ամենաիմաստուն պետական գործիչը, որն այս իմաստով անգերազանցելի է»:
Լրագրողի դիտարկմանն էլ, թե՝ նախագահը նախկինում հայտարարել էր, որ վարչապետ չի լինելու, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ռուսական մի ասացվածք կա՝ «никогда не говори никогда»»:
Քաղաքագետն ասաց, որ ինքը չգիտի Սերժ Սարգսյանի նպատակները, բայց մտածում է, որ, եթե Ս. Սարգսյանի կուսակցությունն ունեցավ նման «շեշտակի հաղթանակ» այս ընտրություններում, հիմա, եթե ժամկետը վերջանա, և հարց առաջանա՝ ո՞վ պետք է ղեկավարի, կուսակցությունը պետք է հավաքվի և քննարկումների միջոցով որոշեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: