«ԵՄ-ի հետ ստագրվելիք համաձայնագիրը ավելի կխորացնի այդ համագործակցությունը». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում՝ խոսելով ներկայումս իրականացվող բարեփոխումների, քայլերի մասին, համոզմունք հայտնեց, որ հաջողակ են այն երկրները, որտեղ աշխատասեր մարդն զգում է իր պահանջվածությունը, հետևաբար, նրա խոսքով՝ կառավարության նպատակն է՝ Հայաստանն այդպիսի երկիր դարձնել:
«Իրականացնում ենք մի շարք ոլորտային բարեփոխումներ. կառավարությունը վերանայում է երկրում գործող կրթական համակարգը բոլոր մակարդակներում՝ մեր քաղաքացու համար հնարավորություն տալով ստանալ այն գիտելիքները, որոնք կենսական նշանակություն կունեննա ժամանակակից աշխարհում:
Արդեն մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել, որոնք հնարավորություն կտան մեր Սփյուռքին՝ ավելացնել իրենց մասնակցությունը բիզնեսում ու պետական ծրագրերում: Աշխատում ենք դատական համակարգի անկախացման վրա: Գյուղատնտեսության ոլորտում շեշտը դնում ենք ինտենսիվ, խելոք գյուղատնտեսության զարգացման վրա՝ ֆերմերային տնտեսություններին ապահովելով արտոնություններով»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ամբողջովին վերանայվել է մարզերի և համայնքների զարգացման տրամաբանությունը՝ շեշտը դնելով չափելի և պրագմատիկ զարգացման ծրագրերի վրա:
«Հետևողականորեն բարելավում ենք հարկային և մաքսային վարչարարությունը: Հայաստանը գործարարության և ներդրումների արդյունավետ և ճկուն հարթակ դարձնելու աշխատաքները կլինեն շարունակական: Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ՝ մեծ շուկաներ թափանցելու համար: ԵՏՄ՝ 180 միլիոնանոց շուկա, որտեղ մուտք գործելու համար հայկական ընկերություններն ունեն արտոնություններ: Իրան, ԵՄ և ԱՄՆ, որոնց դեպքում գործում է GSP+ համակարգ, որը հայկական ընկերություններին հնարավորություն է տալիս արտոնություններով մուտք գործել այդ շուկաներ: ԵՄ-ի հետ ստագրվելիք համաձայնագիրը ավելի կխորացնի այդ համագործակցությունը»:
Վարչապետը հավելեց, որ Սիրիայի դեպքերից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցներն իրենց աշխատասիրությամբ որակապես փոխել են Հայաստանի ծառայությունների ոլորտը. «Մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները»: