«Չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի այս սկզբունքները». Էդվարդ Նալբանդյան
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Արցախի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով որդեգրած Հայաստանի մոտեցումները, որոնք են՝ խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծում, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչում, ԱՀ ժողովրդի անվտանգության երաշխավորում: Իսկ չորրորդ մոտեցումը, ըստ նրա՝ վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու և կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որտեղ, Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն էապես տարբերվում են:
«Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է՝ որպես արցախյան հարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Հայաստանը բազմից հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների առաջարկած սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը մերժում է ընդունել դրանք: Չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի այս սկզբունքները: Փոխարենը՝ Բաքուն նախընտրում է ինչ-ինչ սցենարներ հորինել: Այս մտավարժանքներն իրականության հետ կապ չունեն, և, ինչպես ասում են՝ ստի պոչը կարճ է: Ամեն անգամ, երբ համանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություններ են անում, ջրի երես է դուրս գալիս ադրբեջանական կեղծիքները»,- ասաց նա:
Նալբանդյանի խոսքով՝ հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության հստակ երաշխիքներ պարունակի. «Անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունը չի կարող ավարտվել: Համանախագահները դա հստակ պատկերացնում են»:
Նա նկատեց՝ Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, չի հարգում պայմանավորվածությունները:
Հարցադրմանը՝ բացի տարբեր հարցազրույցներում ու ասուլիսներում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի վերաբերյալ դժգոհություններից՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը դժգոհություն հայտնել է Մոսկվային, և արդյո՞ք միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունների կողմից Ռուսաստանի դիրորոշումները պաշտպանելը չի նպաստում Հայաստանի մասնակի մեկուսացմանը՝ հենց արցախյան հիմնախնդրի առումով, նա այսպես պատասխանեց. «Զենքի վաճառքի վերաբերյալ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հրապարակավ արտահայտել է իր կարծիքը:
Ռուսաստանը մեր դաշնակից գործընկերն է, և հանդիպումների ժամանակ էլ այդպիսի հարցեր կարող են բարձրացվել: Բայց ասել, թե Ռուսաստանի դիրքորոշումները Հայաստանին դնում են մեկուսացման մեջ կամ վնաս են հասցնում մեզ, հատկապես՝ Արցախի հարցում, գիտեք՝ դուք երևի մոտիկից չեք հետևում այն հայտարարություններին, որ հանրապետության նախագահն է անում, ԱԳ նախարարն է անում, հակառակ դեպքում՝ այդպիսի հարց չէիք տա:
Այսինքն՝ եթե առանձին էլ չվերցնենք, այլ վերցնենք՝ որպես եռանախագահող երկիր, Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, նույն դիրքորոշումն է որդեգրել, որը շարունակվում է 5 հայտնի հայտարարությունների մեջ: Չկա այնպիսի կոնֆլիկտ միջազգային բեմահարթակում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այդքան մանրամասնորեն համաձայն լինեն, թե ինչպես պետք է այդ կոնֆլիկտը լուծվի: Իրենց միացել է նաև Ֆրանսիան: Այս եռանախագահող երկրներն ունեն նաև մանդատ ԵԱՀԿ-ի կողմից, իսկ ԵԱՀԿ-ն այն կառույցն է, որը որոշումներն ընդունում է կոնսենսուսով: Ինչպե՞ս եք պատկերացնում, արդյո՞ք դա մեզ դնում է մեկուսացման մեջ: Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:
Նա հիշեց, որ 2015թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանն ընդհանրապես չմասնակցեց. «Ռիգայում Ադրբեջանի նախագահն ընդհանրապես չեկավ, որովհետև եզրափակիչ հռչակագրում, որն ընդունվել է բոլոր երկրների կողմից, համապատասխան դրույթ էր պարունակում, թե Արցախի խնդիրն ինչպես պետք է լուծվի: Խոսքը նրա մասին էր, որ այդ հռչակագիրը չէր վերաբերում կոնֆլիկտների հանգուցալուծմանը, այլ մի փոքրիկ դրվագ էր, որտեղ հղում էր կատարվում եռանախագահող երկրների 5 հայտարարություններին՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք:
Ադրբեջանի ԱԳ նախարարը, որ գլխավորում էր պատվիրակությունը, ի նշան բողոքի՝ գնաց այդտեղից: Քանի որ կոնսենսուսով դա պետք է ընդունվեր, բոլորը սպասում էին, թե երբ կգտնեն Ադրբեջանի արտգործնախարարին, որպեսզի համոզեն, որ իրենք դեմ դուրս չգան: Դա այդպես էլ չստացվեց, և շատերը մոտենում էին մեզ ու հարցնում, թե ինչպե՞ս ենք նրանց հետ բանակցում: Վերջիվերջո, հաջողվեց զանգով համոզել Ալիևին, բայց Ադրբեջանը բացատրական հայտարարություն արեց, որ համաձայն չէ այդ կետին»: