«Ապրիլյան պատերազմից հետո փոփոխվել են ադրբեջանական քարոզչական գործիքները». Տիգրան Աբրահամյան
Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ընթացքում տեղի են ունենում 2 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր՝ նվիրված Հայաստանի տնտեսության զարգացմանը, տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին, արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը, հայապահպանության հիմնախնդիրներին:
Համաժողովի երկրորդ ուղղությունը նվիրված էր Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկություններին՝ ժամանակակից մարտահրավերների պայմաններում:
«Հակահայկական քարոզչությունը տեղեկատվական անվտանգության թիրախում» խորագրի ներքո քննարկվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետությունում կիբեռռեսուրսների կառավարման համակարգի կերտման գործում հեղինակավոր սփյուռքահայերի ներգրավման կարևորությունը, հակահայկական քարոզչության ներկա փուլը, մարտահրավերներն ու դիմագրավման հնարավորությունները, ամերիկահայության գործունեության դաշտի առաջարկները, ադրբեջանական հակահայ դիվանագիտական արշավը թուրքական ժխտողականության ենթահողի վրա, որպես հայկական տեղեկատվադաշտ՝ մեր ջանքերը Անկարայի և Բաքվի կողմից միջինարևելյան տարածաշրջանում հակահայկական քարոզչություն անելու փորձերին դիմագրավելու ուղղությամբ, ինչպես նաև իրականացվեց տեղեկատվական անվտանգության սցենարների մշակումը, իրականացումը և հետադարձ կապը:
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ելույթի ընթացքում նշեց, որ ապրիլյան պատերազմից հետո փոքր-ինչ փոփոխվել են ադրբեջանական քարոզչական գործիքները, քանի որ ավանդական քարոզչական գործիքներից բացի՝ ավելացել է նաև տարբեր իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումը:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Արցախում և Ադրբեջանում ադրբեջանական քարոզչությունը տարբեր ազդեցություններ է ունենում: Արցախում ադրբեջանական քարոզչությունը կենցաղային խոսակցության թեմա չի դառնում, չնայած Հայաստանում անգամ մամուլն է երբեմն արձագանքում դրան: Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հաճախ Արցախի գերատեսչություններն արձագանքում են կեղծ տեղեկություններին, որպեսզի դրանք քննարկման առարկա չդառնան Հայաստանում:
«Վերջին ամիսներին հատկապես մեծացել է տեսանյութերի շրջանառությունը: Այդ տեսանյութերը պատմում են սահմանին ադրբեջանական կողմի կեղծ հաջողությունների մասին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
Ըստ Արցախի նախագահի խորհրդականի՝ ադրբեջանական կողմը անօդաչու թռչող սարքերի միջոցով տեսանյութեր է ստանում և դրանք ներկայացնում է մոնտաժված տարբերակով:
«Ադրբեջանական քարոզչության մեջ մեծ դեր ունեն նաև այդ երկրի այն քաղաքացիները, ովքեր ապրում են արտասահմանում; Նրանք կատարում են, այսպես ասած, լուսավորչական դեր: Տարբեր երկրներում ապաստան գտած ադրբեջանցիների թվում են նաև քաղաքական գործիչներ, լրագրողներ, բլոգերներ, իրավապաշտպաններ և այլք»,- նշում է Տիգրան Աբրահամյանը:
Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության մասին խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը;
«Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում, ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը:
Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումն առաջացնում է քաղաքական ճգնաժամ, և ապա՝ պատերազմ»,- նշում է Սերժ Սարգսյանը:
Սիրարփի Աղաբաբյան