Օզոնային շերտի պահպանության գործում Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները
Օզոնի շերտի պահպանության գործում Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն` անդրադառնալով օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդին, իրականացվող աշխատանքներին:
1987 թվականին Կանադայում մի շարք երկրներ ստորագրեցին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, այդ օրը ՄԱԿ-ի կողմից որոշում կայացվեց սեպտեմբերի 16-ը հռչակել Օզոնի շերտի պահպանության միջազգային օր: Այս տարի նշվում է օզոնի շերտի պահպանության գործընթացի 30-րդ տարին:
«Բոլոր երկրները 30 տարի շարունակ, միահամուռ ջանքերով գործողություններ են կատարել օզոնային շերտի վերականգնմանն ուղղությամբ: Հայաստանը 1999 թվականից մասնակից է այդ միջազգային գործընթացներին: Այսօր Հայաստանում ընթանում է հիդրոքլորֆտորածխածինների փոխարինման գործընթաց: Դրանք այն նյութերն են, որոնք նպաստում են օզոնի շերտի քայքայմանը:
Հայաստանին, ինչպես այլ երկրներին տրված է տվյալ նյութերի որոշակի չափաքանակ: Հայաստանը երբեք չի արտադրել օզոնաքայքայիչ նյութեր, եղել է այդ նյութերը ներկրող երկիր: Դրանք այն նյութերն են, որոնք օգտագործվում են սառեցման, օդորակման համակարգերում»,-ասաց Լիանա Ղահրամանյանը: Նրա խոսքով, ներկրման չափաքանակը, որը ՀՀ-ում նախորդ տարվա համար կազմել էր 114 տոննա, ամբողջությամբ չի օգտագործվել: Ներկրվել է ընդամենը դրա 10 տոկոսի չափով: Այսինքն` Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները օզոնի շերտի պահպանության գործում:
Լիանա Ղահրամանյանը նշեց, որ ՄԱԿ-ի բոլոր երկրները այս գործընթացում ներառված են, միահամուռ ջանքերի շնորհիվ է, որ գիտնականներն այսօր կարող են փաստել` օզոնային շերտի վերականգնում է տեղի ունենում: Ամեն դեպքում գործն ավարտված չէ, հիդրոքլորֆտորածխածինների` այլ նյութերով փոխարինումն ընթացքի մեջ է: