Կոկորդիլոսը Շրի Լանկայում հոշոտել է բրիտանացի 25-ամյա լրագրողին
Բրիտանացի լրագրող Պոլ Մաքքլինը, որն աշխատում էր The Financial Times հրատարակությունում, կոկորդիլոսի զոհ է դարձել Շրի Լանկայում: Այդ մասին հայտնել է New York Post-ը:
Օքսֆորդի համալսարանի 25-ամյա շրջանավարտն արձակուրդում էր գտնվում իր ընկերների հետ: Նա հեռացել էր դեպի մոտակա ծովալճակը՝ լվանալու ձեռքերը: Նախնական տվյալներով՝ կենդանին Մաքքլինին բռնել է, երբ նա ձեռքերն իջեցրել է ջրի մեջ:
Ականատեսները տեսել են, թե ինչպես է սողունը ջրի տակ քաշել «ձեռքերն ու ոտքերը թափահարող տղամարդուն»:
Լրագրողը կորել է լողափից ոչ հեռու գտնվող Էլեֆանտ-Ռոք ծովալճակում, որը ժողովրդականություն է վայելում սերֆինգիստների շրջանում: «Սա կոկորդիլոսի՝ ինձ հայտնի առաջին հարձակումն է Շրի Լանկայում: Այստեղ գալիս են ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ տեղի բնակիչներ: Լողափը համարվում է հիանալի մեկուսի ու անվտանգ վայր»,-պատմել է ականատեսներից մեկը: