Բաժիններ՝

«Մի մարդ, որ պարտադրված է սովորում, հասարակությանը պիտանի չէ». Արամ Փախչանյան

«Մենք մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ շատ ենք պարփակված մեր մեջ։ Լավագույն ձեռքբերում ենք համարում համալսարանի հավաստագրումը, չնայած, որ դա սովորական երևույթ է ցանկացած լուրջ համալսարանի համար»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կտրուկ փոփոխություններ են գնում, որոնց չարձագանքելն անլուրջ է դառնում. «Այն փոփոխությունը, որ տեսնում ենք ԱՄՆ-ի և Եվրոպայի բուհական համակարգերում, շատ կտրուկ են։ Եվ նույնիսկ այդ կտրուկ փոփոխություններն իրագործող բուհերը հայտարարում են, որ բավարարված չեն իրենց փոփոխությունների արագությամբ»։

Մինչդեռ Հայաստանում, ըստ նրա՝ իրավիճակն այլ է. «Դասախոսության ձևաչափը հնացել է։ Հիմա աշխարհի լավագույն դասախոսները կարող են նորագույն տեխնոլոգիաների միջոցով ձեզ դասախոսություն կարդալ»։

Փախչանյանի խոսքով՝ հնարավոր չէ պատկերացնել, որ այն երիտասարդը, որն անձամբ աշխատում և վճարում է իր ուսման վարձը, միայն ներկա-բացակա անցկացնելու դեպքում է դասի նստում. «Դա մշակութային փոփոխություն է։ Մենք պետք է գանք նրան, որ ոչ թե բուհը կամ հասարակությունը պետք է պատասխանատվություն կրեն ուսանողի համար, այլ հենց ուսանողը։ Չես ուզում՝ մի սովորիր։ Եթե ես ունեմ ուսանող, որին պետք է 4 տարի ներկա-բացակա անեմ, որ ստանամ մասնագետ, ապա այդ մասնագետը ոչ ոքի պետք չէ։ Մի մարդ, որ պարտադրված է սովորում, հասարակությանը պիտանի չէ»։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ ուսանողը պետք է իր ցանկությամբ մասնակցի այն դասընթացներին, որոնք համարում է կարևոր, բավարարի պահանջներին, և լրացնի իր կրթությունն այն ամենով, ինչ հասանելի է աշխարհում. «Մենք հին մոդելի մեջ ենք մտածում, իսկ մոդելները շատ արագ փոխվում են աշխարհում։ Պատասխանատվությունն այն բանի համար, որ մենք դպրոցից ունենում ենք շրջանավարտ, որը չի ուզում սովորել, որին դեռ պետք է պարտադրել՝ գալ՝ դասերին մասնակցել, իհարկե, դպրոցինն է։ Դպրոցը պետք է ձևավորի անհատ, որը կօգտագործի բուհը՝ որպես գործիք, բայց չի բավարարվի այդ գործիքով։ Եթե դպրոցի շրջանավարտը նման գիտակցություն չունի, նա դատապարտված է պարտվել ոչ միայն այլ երկրների շրջանավարտների հետ պայքարում, այլ նաև ռոբոտների հետ պայքարում։ Եթե մենք պետք է արհեստական ձևավորված հմտությունների դեմ պայքար մղենք, մենք պետք է պատրաստ լինենք շատ սովորել և շատ բաներ փոխել մեր կյանքում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս