«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն միացել ո՛չ կոնվենցիային, ո՛չ արձանագրությանը». ԱԺ-ն վավերացնում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի արձանագրությունը
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջև ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման և միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է վավերացնել 1962 թվականի դեկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրված հետևյալ արձանագրությունը.
«Արձանագրության հիմնական նպատակն է՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ստեղծել հաշտեցման և միջնորդության հանձնաժողով, որը պատասխանատու կլինի Կոնվենցիայի կողմ պետությունների միջև Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման առնչությամբ ծագող վեճերի բարեկամական լուծման համար:
Հանձնաժողովը կազմվում է 11 անդամից, որոնք ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի կողմից 6 տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամներին ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը: Հանձնաժողովում միևնույն պետությունից չեն կարող ընդգրկված լինել 1-ից ավելի քաղաքացիներ:
Եթե որևէ մասնակից պետություն համարում է, որ մեկ այլ մասնակից պետություն չի հետևում հռչակագրի դրույթներին, ապա կարող է գրավոր ծանուցմամբ հարցը ներկայացնել այդ պետության ուշադրությանը: Ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում ծանուցվող պետությունը բողոքարկող պետությանը տրամադրում է խնդրին առնչվող գրավոր բացատրություն: Եթե կողմերը համաձայնության չեն գալիս, 6 ամիս հետո վեճը հանձնվում է հանձնաժողովին»:
Փոխնախարարն ասաց, որ կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1993 թվականին, այն վավերացրել են 102 երկրներ. «Կոնվենցիայի նպատակն է՝ բացառել ցանկացած անձի կրթություն ստանալու խտրականությունը: Կոնվենցիայի այս արձանագրությունը վավերացրել է 35 երկիր»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին.
«Ենթադրում ենք, որ այն ստորագրել են նաև Թուրքիան և Ադրբեջանը, բայց մենք գիտենք, որ այդ երկրներում որքան ոչ հայանպաստ դասագրքեր և վերաբերմունք կա: Եթե մենք միանում ենք այս արձանագրությանը և ստորագրում ենք, ի՞նչ է տալու դա մեր կրթական համակարգին, և մեր դերակատարությունը որքանո՞վ է լինելու արդյունավետ այս արձանագրությունը ստորագրելիս»:
Ի պատասխան՝ Վ. Մկրտչյանն ասաց. «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն միացել ո՛չ կոնվենցիային, ո՛չ արձանագրությանը, սրանով իրենք հաստատել են, որ իրենց երկրում կան տարաբնույթ խտրականություններ նաև կրթական ոլորտում: Ինչ վերաբերում է, թե ինչ կտա սա մեզ, ասեմ, որ, երբ մենք ԵՄ-ի ընդհանուր կրթական տարածքի մեջ ենք ինտեգրվում, մեր ուսանողների ակտիվությունն ավելի մեծանում է, շատ հաճախակի մեր ուսանողները կրթությունը շարունակում են այլ երկրներում, և այլ երկրների քաղաքացիներ մեր երկրում են շարունակում կրթությունը: Սրանով մենք կարող ենք մեր ուսանողների շահերն ավելի լավ պաշտպանել այդ երկրում, և մենք էլ մեր հերթին՝ պարտավորություն ենք կրում այլ երկրի քաղաքացիների համար պատշաճ կրթություն ապահովել»:
Մ. Եսայանն էլ արձագանքեց՝ ասելով, որ լավ կլիներ, որ մեր հարևան երկրներն էլ մտնեին այս կոնվենցիայի մեջ, որպեսզի կարողանանք մեր ասելիքն ասել ՄԱԿ-ի կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: