«ՀՀ զինված ուժերն իրենց սպառազինության մեջ ունեն չինական արտադրության հրթիռներ, և դա միշտ զսպող մեխանիզմ է եղել Ադրբեջանի համար». Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Չինաստանը մշտապես հետաքրքրված է եղել դեպի Արևմուտք գնացող տարբեր ճանապարհներով և փորձել է այդ ճանապարհներին գտնել երկրներ, որոնք համեմատաբար ավելի դրական վերաբերմունք ունեն չինացիների հանդեպ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշեց, որ հայ-չինական բարձր մակարդակով հանդիպումների քննարկման հիմնական թեման մեր տարածաշրջանի հաղորդակցության ուղիներն են. «Հասկանալի է, որ ի հակակշիռ թուրքական ազդեցության՝ Չինաստանը որոնում է ուղիներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել՝ շրջանցելով Թուրքիային և Ռուսաստանին, և կապ պահպանել արևմտյան աշխարհի հետ»։
Քաղաքագետի խոսքով՝ Չինաստանն այստեղ ներգրավված է որոշակի շինարարական աշխատանքների մեջ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի. «Վերջերս նաև ավիացիոն պատվիրակություն եղավ այստեղ։ Ես գիտեմ, որ ՀՀ զինված ուժերն իրենց սպառազինության մեջ ունեն չինական արտադրության հրթիռներ, և դա միշտ զսպող մեխանիզմ է եղել Ադրբեջանի համար»։
Խոսելով Հայաստան-Իրան համագործակցության մասին և, մասնավորապես, անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրենց գերատեսչության համար առաջնային նպատակ է Իրանի դաշնակից պետություններին զենքի մատակարարումը՝ նա հետևյալն ասաց.
«Շատ հետաքրքիր էր այդ հայտարարությունը, որովհետև Իրանն ունի ռազմաարդյունաբերության բավականին մեծ կոմպլեքս, այնտեղ արտադրում են գրեթե ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերին՝ հակառակորդի ագրեսիան կանխելու համար։ Իրանը երկար ժամանակ չէր արտահանում և այդ ռազմաարդյունաբերությունն իր շահերին էր ծառայեցնում։ Այսինքն՝ որպես ալտերնատիվ գնման վայր՝ այդ հայտարարությունը հետաքրքիր է»։
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ Իրանի հետ մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում գրեթե միշտ գերազանց վիճակում են գտնվել, հետևաբար, ըստ նրա՝ եթե Իրանը պատրաստ է միջազգային շուկա արտահանել իր ռազմական արդյունաբերությունը, ապա Հայաստանը պետք է առաջին շահագրգիռ կողմերից մեկը լինի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջոցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը։