Բաժիններ՝

«Կտրի այն արմատները, որոնք քեզ խանգարում են». Հարևանային իրավահարաբերություններն այլևս օրենքով կկարգավորվեն

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ մեր Քաղաքացիական օրենսգրքում բացակայում է իրավահարաբերությունների մի ամբողջ գլուխ՝ դրանք հարևանային իրավահարաբերություններն են.

«Այն, որ մենք այստեղ խնդիր ունենք, շատ բաց հարցեր կան, որոնք իրենց օրենսդրական կարգավորումները չեն ստացել, վկայում է նաև մեր դատական պրակտիկան: Դատարաններում քիչ չեն այն հարցերը, որոնք վերաբերում են հարևանների միջև կենցաղային վեճերին: Նման վեճեր են՝ հարևանների ծառերի ճյուղերի ներթափանցումը մյուս հարևան տարածք, մյուս հարևանի կողմից ճաշի ուժեղ հոտերի, գոլորշու ազդեցության հարցերը, և այլն: Մի կողմից՝ մեզ համար պրիմիտիվ է թվում այս ամենը, քանի որ մեր հայ ժողովուրդը շատ հարևանասեր է, բայց պրակտիկայում լինում են դեպքեր, որ հարևանները  նման վեճերի են բռնվում, որոնց դեպքում չկա հստակ օրենսդրական կարգավորում: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք նախատեսում ենք հարևանային իրավունքի գլուխը, տալիս ենք հարևանային համարվող անշարժ գույքի, իրավունքի հասկացությունը, խոսում ենք թույլատրելի ազդեցության մասին, ջրօգտագործման մասին և մի շարք այլ հարցեր մասին, որոնք այսօր խնդրահարույց են»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ կարծում է՝ այս իրավակարգավորումը մտցնելուց հետո դատական գործերի քանակը մի քանի մակարդակով ավելանալու է:

Ի պատասխան՝ Ա. Հովհաննիսյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ դատական գործերը պետք է քչանան, անձի իրավունքներն էլ ավելի արագ պետք է պաշտպանություն ստանան: Մի օրինակ բերեմ՝ ծառերի արմատների ներթափանցումը հարևան տարածք: Այսօր պրակտիկայում անձը դիմում է դատարան՝ պարտավորեցնելով հարևանին տեղահանել նրա ծառը: Ի՞նչ ենք մենք  առաջարկում մեր նախագծով՝ խանգարո՞ւմ է քեզ հարևանի ծառի արմատները, մի հատ ծանուցի նրան, եթե ծանուցում ես, ողջամիտ միջոցներ չի ձեռնարկում, միանգամից ինքդ, ինքնուրույն  հանձն առ քո իրավունքի պաշտպանությունը՝ կտրի այն արմատները, որոնք քեզ խանգարում են, և պահի  քեզ, այս իրավունքը մենք տալիս ենք քաղաքացուն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս