Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը հորդորել են Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը և խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյնը վերահաստատել են Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատությունը վերականգնելու հրատապությունը: Հայտարարությունը հետևել է այն բանին, ինչ սեպտեմբերի 11-ին Թուրքիայի դատարանը հրաժարվեց ազատ արձակել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի վեց լրագրողի ու աշխատակցի:

«Թուրքիայում մեդիայի և խոսքի ազատության նկատմամբ ճնշումները ուղղակի սպառնալիք են այդ երկրում լրագրողների ու լրագրության նկատմամբ: «Ջումհուրիեթ»-ի լրագրողներն ու ղեկավարներն արդեն գրեթե մեկ տարի են անցկացրել բանտում հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանման համար, որոնք իշխանությունները սահմանափակել էին: Նրանց բանտում պահելու որոշումը ոչ միայն հակասում է ժողովրդավարությանը, այլև հակասում է այդ երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,- նշել են Դեզիրն ու Քեյնը: Նրանք հիշեցրել են, որ բազմիցս հորդորել են Թուրքիային հանել պարբերականի աշխատակիցների դեմ մեղադրանքները: «Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն այդ երկրում կալանավորված մյուս լրագրողների հետ»,- ասել էն նրանք:

Սեպտեմբերի 11-ին Սիլիվրիի դատարանը որոշում էր կայացրել անազատության մեջ պահել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցներ Աքըն Աթալային, Ահմեթ Քեմալ Այդողդուին, Քադրի Գյուրսելին, Էմրե Իփերին, Մուրաթ Սաբունջուին և Ահմեթ Շըքին: Նրանց սպառնում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում: «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցները մեղադրվում են «անօրինական կազմակերպության անդամ լինելու», «անօրինական խմբավորման անդամ չլինելով դրան աջակցելու» մեջ:

«Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների դեմ դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 25-ին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս