Բաժիններ՝

Ճապոնիայում կհայտնվեն արհեստական ինտելեկտով հանդերձված հաշմանդամների ինքնավար սայլակներ

Ճապոնիայում կհայտնվեն հաշմանդամների սայլակներ, որոնք կարող են ինքնուրույն նշված տեղ հասցնել դրանց վրա նստած մարդուն: Ուշագրավ է, որ նման սայլակները ճանաչում են իրենց տիրոջ ձայնը, ուստի ցանկալի երթուղին կարելի է նշել ձայնի օգնությամբ եւ անհրաժեշտության դեպքում շտկել շարժման ընթացքում։

Ժամանակակից արհեստական ինտելեկտով հանդերձված սայլակները կարողանում են շրջանցել խոչընդոտները եւ առջեւից եկող մարդկանց: Ներկայում սայլակները, որոնք մշակված են Կուրումե քաղաքի տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից, գործնական թեստավորման փուլում են. սպասվում է, որ դրանք վաճառքի կհանվեն առաջիկա 3-5 տարիներին: «Երբ մենք զբաղվում էինք այդ սայլակների մշակմամբ, մեր գլխավոր խնդիրն էր, թող որ չնչին չափով, փողոցներով սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղաշարժվելու գործընթացը հեշտացնելը»,-նշել է պրոֆեսոր Դայսուկե Աձուման, որը ներգրավված է մշակման գործում:

Հաշմանդամի սայլակը շարժվում է դրան միացված սմարթֆոնի կամ պլանշետի փոխգործակցությամբ՝ հաշվի առնելով գեոլոկացիայի տվյալները եւ հաշվարկելով շարժման օպտիմալ երթուղին: Ներկայում, սակայն, Ճապոնիայի օրենսդրությունն արգելում է հետիոտների սովորական ճանապարհներով հաշմանդամների լիովին ինքնընթաց սայլակի օգտագործումը. տեղական իշխանություններն զգուշանում են, որ անկատար տեխնոլոգիայի պատճառով ինժեներային այս մտահղացումը կարող է միջադեպերի հանգեցնել:

Այս սայլակները, սակայն, կարելի կլինի օգտագործել խոշոր հանրախանութներում կամ թանգարաններում: Մշակողները հուսով են, որ առաջիկա տարիներին փոփոխություն կմտցվի օրենսդրության մեջ նախքան այն պահը, երբ տեխնոլոգիան լիովին հարմար կդառնա երթեւեկելու համար եւ բազմակի կստուգվի, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս