«Ռուսաստանը փորձում է Արևմուտքից «աբիժնիկների» ակումբ ձևավորել և նրանց պաշտպանի դեր է ստանձնել». Ստյոպա Սաֆարյանը` Մարիա Զախարովայի հայտարարության մասին

«Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննության կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ հայտնի խոսնակ Մարիա Զախարովան հանդես է եկել ի պաշտպանություն Ալիևների և Ադրբեջանին անվանել է «Ռուսաստանի դաշնակից»: «Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Ռուսաստանի դաշնակիցների վրա: Կարծում եմ՝ խոսքը մի քանի ուղղություններով տեղեկատվական ուժեղ ճնշման մասին է: Դա իրականացվում է մեծ քանակությամբ կեղծ նորությունների հրապարակման միջոցով: Մենք փորձում ենք մշտապես արձագանքել դրանց»,- ասել է Զախարովան:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Զախարովան չափազանցրել է, որովհետև Ռուսաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես չեն համարվում դաշնակիցներ:

«Բայց, թերևս, նկատելի է, որ Ռուսաստանը փորձում է Արևմուտքից աբիժնիկների ակումբ ձևավորել և նրանց պաշտպանի դեր է ստանձնել: Այս առումով, թերևս, Կրեմլը փորձել է հաճոյանալ, և, քանի որ Արևմուտքը, ըստ էության, կասկածի տակ չի դնում այդ հեղինակավոր զեկույցը, որ հրապարակել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլը», իսկ The Gardian-ը կամ իսրայելական մամուլը վերջերս լավ դաս տվեցին Ալիևի ընտանեկան բիզնեսների վերաբերյալ, ակնհայտորեն Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ալիևի սիրտը և դեպի իրեն գրավել»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նա չբացառեց, որ հնարավոր է՝ այս սկանդալի մեջ ներքաշված ռուսական անուններ ևս ի հայտ գան հետաքննության ընթացքում, սակայն հավելեց, որ, ամեն դեպքում, չի կարծում, որ ռուսները միջնորդ եղած լինեն: Ս.Սաֆարյանի խոսքով` դեռ ժամանակին, երբ Սաֆարովի գործը քննվում էր Հունգարիայում, Թուրքիան էր փորձում միջնորդ լինել, և լավագույն դեպքում թուրքական անուններ կարող են հանդիպել, եթե այդպիսի բան կա:

«Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում» հարցին Սաֆարյանը պատասխանեց. «Շատ կուզենայի, որ Հայաստանն այնքան դեմոկրատական լիներ, որ ընդհանուր առմամբ շատ ակտիվ լիներ այդ ամբողջը միջազգային հարթակներում բարձրաձայնելու առումով, բայց մի բան պարտավոր է անել` քանի որ հրապարակումներից մեկը վերաբերում է Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, դա աղերսներ ունի հունգարական արդարադատության հետ, և դրա հետ կապված գումարներ են փոխանցվել Հունգարիա հենց այն ժամկետներում, երբ Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Բաքվին, այդ հարցը պետք է պաշտոնապես բարձրացվի»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2.8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև կատարվել են թանկարժեք գնումներ: Այս տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության արդյունքում, որը հրապարակվել է Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից:

Գումարն անօրինական կերպով ուղարկվել է Միացյալ Թագավորությունում գործող և ստվերային գործունեություն ծավալող ընկերությունների միջոցով: Հետաքննության ժամանակ ներգրավված անձինք հայտնել են, որ իրենց, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչներին վճարել են Ադրբեջանի կառավարությանը հաճո դիրքորոշում ցուցաբերելու համար:

Հետաքննությունը պարզել է, որ ընդհանուր ավելի քան 7 միլիոն դոլար արժողությամբ մի քանի բանկային փոխանցումներ են իրականացվել Բուդապեշտում MKB բանկում բացված հաշիվներին հենց այն ժամանակ, երբ Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին հանձնեց ադրբեջանցիներին:

Գաղտնի հիմնադրամը, որի կեղծանունը եղել է «Ադրբեջանական լվացքատուն», գործել է երկու տարի՝ մինչև 2014 թվականը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս