«Իրմա» փոթորիկը ամենատևական արևադարձային ցիկլոնն է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Meteo France օդերեւութաբանական ծառայությանը:
Ըստ նրա տեղեկատվության՝ քամիների արագության եւ իր գործողության տեւականության ցուցանիշներով՝ «Իրմա» փոթորիկն առաջ է անցել «Հայյան» թայֆունից, որը 2013 թվականի նոյեմբերին պատուհասել էր Ֆիլիպիններն ու հարեւան երկրները: Այն ժամանակ «Հայյանի» քամու արագությունը 24 ժամվա ընթացքում կազմել էր ժամում գրեթե 300 կիլոմետր: Մոտավորապես նույն այդ արագությամբ շարժվում էր նաեւ «Իրմա» փոթորիկը, բայց 33 ժամվա ընթացքում:
«Աշխարհում արբանյակների դարաշարջանի սկսվելու պահից ի վեր դեռ երբեք չի դիտվել այնպիսի մի փոթորիկ, որը նման ինտենսիվություն եւ տեւողություն ունենար»,-նշել է օդերեւութաբան Էտիեն Կապիկյանը:
Սեպտեմբերի 6-ին «Իրմա» փոթորիկը մոլեգնել է Սեն-Բարտելեմի եւ Սեն Մարտեն անդրծովյան հանրակցություններում, որոնք մտնում են Գվադելուպայի՝ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի կազմի մեջ: Փոթորկի հետեւանքով ֆրանսիական անդրծովյան տարածքները մնացել են առանց էլեկտրականության:
Հաղորդվել է հեղեղումների եւ զգալի ավերածությունների մասին՝ արմատախիլ են եղել ծառեր, շինությունները զրկվել են տանիքներից, լրջորեն տուժել են ենթակառուցվածքի օբյեկտները: Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում փոթորկի զոհ է դարձել առնվազն ութ մարդ, եւս 23 հոգի վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: