Հրաչյա Հարությունյանը կաշխատի աներոջ ընկերությունում
«Հրաչյա Հարությունյանը հիմա բաց ռեժիմով է կրում իր պատիժը, ինչը նշանակում է՝ նա ազատ ելք ու մուտք ունի, կարող է գնալ տուն, աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատել էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հ. Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Հ. Հարությունյանը դատապարտվել է 6 տարի և 9 ամիս ազատազրկման՝ երկու հոդվածներով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327-րդ (Կեղծ փաստաթղթերի օգտագործում): Այս տարվա հուլիսի 20-ին Հ. Հարությունյանին տեղափոխեցին Հայաստան:
Վ. Մարտիրոսյանը գտնում է՝ այն, որ Հ. Հարությունյանը բաց ռեժիմով կկրի պատիժը, ժամանակավոր բան է. «Նախագահը դեկտեմբերին համաներում է անելու, Հրաչյա Հարությունյանն այդ համաներման տակ կընկնի»:
Վ. Մարտիրոսյանը նամակով դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ներում շնորհեն իր փեսային, և ըստ իր ունեցած տեղեկությունների՝ նախագահը դեկտեմբերին ներում է շնորհելու Հ. Հարությունյանին:
Մեր զրուցակիցն ասաց, որ Հ. Հարությունյանի առողջական վիճակը նորմալ չէ. «Ես մեկ ժամ առաջ իր մոտ էի, հիմա հանգիստ գնում, տեսնում եմ, էլ դռները փակ չեն իր դեմ: Ես գնացել էի, որ դասավորեմ Հրաչա Հարությունյանի փաստաթղթերը, վերցնեմ, որ կարողանամ մի տեղ ձևակերպեմ, որ ինքն ունենա աշխատանք»:
Վ. Մարտիրոսյանն ասաց, որ, թեկուզ Հ. Հարությունյանի առողջությունը լավ չէ, բայց նա կարող է թեթև աշխատանքներ անել:
Հարցին՝ պայմանավորվածություն ունե՞ք որևէ ընկերության, կազմակերպության հետ, որպեսզի նա աշխատանքի անցնի նրանց մոտ, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքն ունի ընկերություն, որը դեռևս որոշակի խնդիրներ ունի, բայց շուտով բացելու է. «Հրաչյան այդ ընկերությունում էլ կաշխատի: Մի երկու ուրիշ տեղ նույնպես դիմել եմ, ոչ մեկը չեն ուզում մոտենալ, քանի որ բանտարկյալ է, առողջական վիճակն էլ լավ չէ»:
Վ. Մարտիրոսյանը նշեց, որ Հ. Հարությունյանը վիրահատությունների կարիք ունի. «Ես մի հաշվեհամար եմ բացել, որ կարողանա մեր ազգը մի քիչ գումարով օգնի, որ Հրաչյա Հարությունյանին համապատասխան վիրահատություններն անեն»:
Անելիք բանկ,
11814006793500,
Մարտիրոսյան Վիկտոր՝ Հրաչյա Հարությունյանի համար