Գործազրկությունը որպես ՀՀ տնտեսության աքիլեսյան գարշապար
Տնտեսության «ամենախորը մտահոգությունը» գործազրկությունն է:
Բեն Բերնանկեն, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) նախագահ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Գործազրկությունը համաշխարհային տնտեսության, հատկապես անցումային շրջանում գտնվող երկրների տնտեսությունների աքիլեսյան գարշապարն է: Այն համարվում է անցումային շրջանում գտնվող Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի կարևոր բնութագրիչներից մեկը: Գործազրկությունը մակրոտնտեսական մի գործոն է, որը հանգեցնում է կապիտալի արտահոսքին և վատթարացնում տնտեսական կոնյուկտուրան ու հեռացնում հավասարակշռված աճի հորիզոնները։ Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը։
Լինելով արտադրության անկման ծնունդ՝ գործազրկությունը դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է խորացնել այդ անկումը։ Այս մակրոտնտեսական գործոնն ամենաուղղակի ազդեցություն է թողնում յուրաքանչյուր անհատի վրա: Աշխատատեղի կորուստը բնակչության ամենալայն զանգվածի համար նշանակում է կենսամակարդակի կտրուկ անկում և բարոյահոգեբանական ծանր հարված: Գործազուրկ մարդը ոչ միայն կորցնում է իր և իր ընտանիքի կենսամիջոցները հոգալու հնարավորությունը, այլև զրկվում է հասարակական շփումներից, ինքնադրսևորման հնարավորությունից՝ իրեն զգալով ոչ լիարժեք մարդ, «անպետք» հասարակության համար: Պատահական չէ, որ գործազրկության խնդիրը հաճախ է լինում քաղաքական քննարկումների կենտրոնում, քանի որ գլոբալ գործազրկության աճը վտանգ է ներկայացնում ոչ միայն սոցիալական, այլ նաև քաղաքական կայունությանը:
Գործազրկության հիմնախնդիրն այսօր Հայաստանում արդիական է ավելի, քան երբևէ: Աշխատանք չունենալու, հայրենի ափերում իրենց հնարավորությունները լավագույնս դրսևորելու հնարավորություն չունենալու պատճառով հազարավոր հայեր լքում են իրենց հարազատ երկիրը: Սա աղետ է ոչ միայն զուտ ազգային նկատառումներից ելնելով, այլև՝ տնտեսական հիմնախնդիր: Բանն այն է, որ երկիրը լքում են հասուն տարիքի մարդիկ, որոնց մասնագիտացման համար երկրի կառավարությունը որոշակի միջոցներ է հատկացրել, և փաստորեն այսօր այդ մարդիկ մասնակցում են ոչ թե մեր երկրի, այլ օտար երկրների տնտեսությունների կառուցման գործին:
Գործազուրկները հանդիսանում են տնտեսապես ակտիվ բնակչության ժամանակավորապես չաշխատող մասը: Գործազուրկ են համարվում աշխատունակ այն քաղաքացիները, ովքեր չունեն աշխատանք, սակայն ակտիվորեն փնտրում են այն: Գործազուրկ ճանաչվելու հարցում էական է աշխատանք փնտրելու ուղղությամբ քաղաքացու ջանքերի դրսևորումը: Քաղաքացին կարող է չունենալ աշխատանք, միաժամանակ որևէ ջանք չգործադրել այն փնտրելու ուղղությամբ: Նման քաղաքացիները, ինչպես նաև նրանք, ովքեր անաշխատունակ են, անցել են կենսաթոշակի կամ էլ անչափահաս են, կամ ուսման տարիքում դասվում են աշխատուժի սահմաններից դուրս: Աշխատանքի միջազգային կազմակերպության սահմանմամբ` գործազուրկներն աշխատանքային տարիքի այն անձինք են, ովքեր տվյալ պահին չեն աշխատում, չունեն եկամտի որևէ աղբյուր, ակտիվորեն փնտրում են աշխատանք և պատրաստ են անմիջապես անցնել աշխատանքի:
Ըստ ՀՀ զբաղվածության պետական ծառայության` գործազուրկ են համարվում հանրապետության տարածքում մշտապես բնակվող` 16 և բարձր տարիքի աշխատունակ և առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող այն քաղաքացիները, ովքեր դիտարկվող ժամանակաշրջանում չեն ունեցել աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, աշխատանք են փնտրել «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնների օգնությամբ, պատրաստ են եղել անցնել աշխատանքի` օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանում կամ անմիջապես:
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ
Գործազրկությունը մեր երկրի ամենալուրջ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներից է իր բացասական հետևանքներով` աղքատություն, արտագաղթ, հոգեբանական խնդիրներ և այլն: Բնական է, որ գործազրկության հաղթահարումը նախ և առաջ պայմանավորված է տնտեսական զարգացմամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում գործազրկության մակարդակը 2016թ. կազմել է 18% կամ 221500 մարդ, այսինքն տնտեսապես ակտիվ բնակչության առնվազն 5 քաղաքացիներից 1-ը գործազուրկ է եղել: Այս ամենի հետ միասին պետք է նշել, որ գործազուրկների թվի մասին պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը, և գործազուրկների իրական թիվը Հայաստանում մի քանի անգամ ավելի բարձր է. փորձագետների կարծիքով՝ գործազրկության իրական մակարդակը կազմում է մոտ 30% (միջազգային կազմակերպությունների տվյալներով): Պարզապես ոչ բոլոր գործազուրկներն են գրանցվում համապատասխան մարմիններում և ստանում նման կարգավիճակ:
Որպես գործազուրկ հաշվառման չի վերցվում «թաքնված գործազուրկների» անընդհատ վերարտադրվող մի վիթխարի զանգված: Շատ ձեռնարկություններ տարվա ընթացքում աշխատում են ոչ լրիվ կարողությամբ, իսկ ձմռանն ուղղակի չեն գործում: Դրանցում ընդգրկվածների մի զգալի մասն աշխատանքից չի ազատվում, ինչպես նաև աշխատավարձ չի ստանում: Այստեղ տեղին է նշել, որ թաքնված գործազրկությունն ավելի զանգվածային բնույթ է կրում, քան բացահայտը: Հարյուր հազարներ կազմող այդ «թաքուն» գործազուրկների բանակը 1992թ. վերջերից դարձավ հայրենիքից արտագաղթող բնակչության հիմնական կորիզը: Ժամանակի ընթացքում այդ շարքերը համալրեցին և այսօր էլ համալրում են սեփական վաստակով ապրուստի նվազագույնը չապահովողները:
Երկրորդ՝ ոմանք խուսափում են հաշվառման համար նման ծառայությունների դիմելուց, «գործազուրկի» պիտակ կրելուց, որպես գործազուրկ անընդհատ վերահաշվառվելուց և այլն:
Երրորդ՝ գրանցված գործազուրկների համար հետաքրքրություն չեն ներկայացնում աշխատելու համար առաջարկվող տեղերը, քաշքշուկ է տիրում գործատուների կողմից գործազուրկներին աշխատանքի ընդունելու գործընթացներում:
Չորրորդ՝ գրանցման համար գրեթե չի շահագրգռում գործազուրկներին հատկացվող չափազանց ցածր նպաստը: Դեր են խաղում նաև գործազուրկների վերապատրաստման և նոր որակ ձեռք բերելու հարցում պետական ծրագրերի սակավությունը կամ գրեթե բացակայությունը, ինչպես նաև պետական մարմինների և գործատուների միջև համագործակցության բացակայությունը:
Թաքնված գործազրկությունը հանդես է գալիս համապատասխան օղակներում աշխատողների պահանջվող թվից շատ մարդիկ պահելու ձևով: Դրանք մեծ մասամբ շատ ցածր վարձատրություն են ստանում: Թաքուն գործազրկությունը հատուկ է նաև ձեռնարկություններում և կազմակերպություններում աշխատանքային ոչ լիարժեք պայմաններում աշխատողների առկայությամբ: Նրանք թեև ստանում են աշխատավարձ, սակայն այն իրենց չի բավարարում:
Անդրադառնալով գործազրկության մակարդակի պաշտոնական տվյալներին և համեմատելով ԱՊՀ երկրների գործազրկության մակարդակը նախորդող հինգ տարիների՝ 2011-2015թթ. արդյունքների հետ՝ պարզ է դառնում, որ գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հայաստանում:
«Տնտեսական վիճակը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ վերջին տարիներին գործազրկության մակարդակը շարունակաբար աճում է, և զեկույցում միաժամանակ նշվում է, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակից բխող հետևանքներից առաջնայինն արտագաղթն է: 2011-2015թթ. Հայաստանի մշտական բնակչությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, պակասել է 22.8 հազարով: Այս ընթացքում ամեն տարի միջինը 40 հազար ՀՀ քաղաքացի հատել է երկրի սահմանը և չի վերադարձել: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներով` Հայաստանն արտագաղթի պատճառով կորցրել է իր բնակչության 25%-ը:
Վերլուծելով գործազրկության մակարդակի դինամիկան անկախության տարիներից (1991-2016թթ.) մինչ օրս՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ պետք է նշել, որ գործազրկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1991թ.՝ 19%, ամենացածրը` 2013թ.՝ 16.2%, իսկ գործազրկության միջին մակարդակը կազմել է 17.6%:
Տնտեսության զարգացման վրա ազդեց 1990թ. անցումը շուկայական տնտեսության. փակվեցին տասնյակ արդյունաբերական ընկերություններ, առկա էր բնակչության արտագաղթ: Զբաղվածության ոլորտի կարգավորման քաղաքականությունը կարևորվեց 2000թ. սկզբին և ուղղված էր զբաղվածության աճին ու գործազրկության կրճատմանը: Սակայն կառավարության կողմից զբաղվածության ռազմավարություն մշակվեց միայն 2012թ.: Այդ փաստաթուղթը նախատեսված էր 2013-2018թթ. համար:
Իսկ 2014թ. հաստատվեց 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարություն, ըստ որի՝ նպատակ է դրվել 2025թ. զբաղվածության ցուցանիշը Հայաստանում հասցնել 71%-ի, իսկ գործազրկությունը նվազեցնել մինչև 10%:
Այնուամենայնիվ, այսօրվա ցուցանիշներից երևում է, որ ռազմավարությամբ նախատեսված մակարդակն առայժմ չի հաջողվում ապահովել։ 2016թ. Հայաստանում գործազրկությունը կազմել է շուրջ 18%, մինչդեռ նախատեսված էր այն նվազեցնել մինչև 16.5%: Իսկ զբաղվածության մակարդակը նախատեսված էր հասցնել 58.7%-ի, սակայն այն կազմել է ընդամենը 50%:
Զբաղվածության խթանման և գործազրկության կրճատման համար կարևոր նախապայման է տնտեսության զարգացումը, իսկ զբաղվածության մակարդակն ու տնտեսության զարգացումը սերտորեն փոխկապակցված են: Միաժամանակ, որքան բարձր է զբաղվածությունը, այնքան մեծ է եկամտի ծավալը և սպառման մակարդակը, հետևաբար այդքան արագ են տնտեսության զարգացման տեմպերը:
Հայաստանում 2016թ. տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2%՝ նախատեսված 2.2%-ի փոխարեն: 2016թ. դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել է 1 մլն 6200 քաղաքացի, ինչը 2015թ. համեմատ կրճատվել է 6.2%-ով: Զբաղվածության ոլորտում առաջնահերթ խնդիրներից է երիտասարդների գործազրկության բարձր մակարդակը, քանի որ 2015թ. գործազուրկների 50.1%-ը եղել են երիտասարդներ: Գործազրկությունը խոցելի է հատկապես կանանց, երիտասարդների և ցածր կրթական ու մասնագիտական մակարդակ ունեցողների համար. դրա մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) գործազրկության մակարդակի պաշտոնական տվյալների վերլուծությունը:
Վերլուծենք ՀՀ ԱՎԾ 2015թ. գործազրկության մակարդակի պաշտոնական տվյալներն ըստ հետևյալ չափանիշների.
- գործազուրկներն ըստ տարիքային խմբերի
- գործազուրկներն ըստ կրթական մակարդակի
- գործազուրկներն ըստ աշխատանք փնտրելու եղանակների
- գործազուրկներն ըստ աշխատանքային փորձառության
- գործազուրկներն ըստ աշխատանք փնտրելու տևողության:
Գործազուրկներն ըստ տարիքային խմբերի: Գործազրկության մակարդակն ըստ տարիքային խմբերի պատկերված է դիագրամում, և անհրաժեշտ է նշել, որ 15-24 և 25-34 տարեկան գործազուրկները միասին կազմում են ընդհանուր գործազուրկների 50.1%-ը, այսինքն կեսից ավելին: Այլ կերպ ասած՝ երիտասարդ գործազուրկները կազմում են գործազուրկների բանակի կեսից ավելին, սա նշանակում է, որ երիտասարդության գործազրկության մակարդակը հասել է բավականին բարձր մակարդակի, և այն պետք է դառնա հիմնախնդիր կառավարության համար:
Աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականությունները մշակելիս ապագայում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի երիտասարդության շրջանում գործազրկության հիմնախնդիրներին: Մասնավորապես, պետք է մանրամասն վերլուծվեն երիտասարդության շրջանում բարձր գործազրկության պատճառները: Նման վերլուծության արդյունքները պետք է հիմք հանդիսանան առավել նպատակաուղղված քաղաքականության միջոցառումների համար, ինչպիսիք կարող են լինել, օրինակ, ուսումից դեպի աշխատանքն անցումն ապահովող պրակտիկաները կամ կրթության ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք ենթադրում են սահմանված տևողությամբ հանրային աշխատանքների իրականացում կրթաթոշակ ստացողի կողմից: Ընդհանուր առմամբ, աշխատանքի շուկայի ակտիվ քաղաքականությունների իրագործման արդյունավետությունը կգնահատվի նաև երիտասարդների գործազրկության և գործազրկության միջին մակարդակի միջև եղած տարբերության կրճատման տեսանկյունից:
Վարչական տվյալները (անհատների մակարդակի) կարևոր են նաև նրանով, որ թույլ են տալիս վերլուծել գործազրկության տևողությունը և գործազուրկի` աշխատանք գտնելու հավանականությունը` գնահատելով ոչ միայն պետության կողմից իրականացվող միջոցառումների, այլև մարդու անհատական բնութագրիչների դերը: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է բարելավել աշխատանքի շուկայի տեղեկատվական ապահովումը և մշտադիտարկման համակարգը` զբաղվածության քաղաքականությունը և ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Գործազուրկներն ըստ կրթական մակարդակի: Գործազրկության մակարդակն ըստ գործազուրկների ունեցած կրթական մակարդակի պատկերված է ներքևում բերված դիագրամում, ըստ որի՝ գործազուրկների 40.9%-ն ունի միջնակարգ կամ ընդհանուր կրթություն, իսկ 27.8%-ը՝ բարձրագույն կամ հետբուհական: Ցուցանիշների ուսումնասիրությունից հանգում ենք այն եզրակացության, որ գործազրկությունը հատկապես հարվածում է ցածր որակավորում ունեցող մասնագետներին, և սկզբնական ու միջին մասնագիտական կրթություն ունեցող աշխատողների մոտ գործազրկությունը 2.6 անգամ ավելի բարձր է, քան բարձրագույն կրթություն ունեցողների մոտ: Բայց միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ, ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, անգամ կրթական բարձր մակարդակը չի դառնում համապատասխան աշխատանք ունենալու երաշխիք, քանի որ բարձրագույն և հետբուհական կրթությամբ մասնագետների նկատմամբ տնտեսության մեջ չի ձևավորվում համապատասխան պահանջարկ: Պարզ է, որ ինչպես աշխատատեղերի ստեղծումը որևէ ոլորտում նշանակում է դրանց ավելացում նաև հարակից ոլորտներում, նույն կերպ էլ տեղի է ունենում կրճատման դեպքում, երբ բարձր որակավորում ունեցող մասնագետների հետևից գործազուրկների շարքերն է համալրում համեմատաբար ցածր որակավորում ունեցող աշխատուժը:
Գործազուրկներն ըստ աշխատանք փնտրելու եղանակների: Ուսումնասիրելով հաջորդ՝ գործազուրկներն ըստ աշխատանք փնտրելու եղանակների չափանիշը՝ տեսնում ենք, որ գործազուրկների 1/3-րդից ավելին՝ 39.5%-ը, աշխատանք փնտրելու հարցում դիմել է ծանոթների, բարեկամների օգնությանը, և միայն 6.6%-ն է դիմել զբաղվածության պետական ծառայություն, իսկ 23.6%-ը դիմել է անմիջապես գործատուին: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ գործազուրկների միայն 0.8%-ն է փորձել հիմնել, սկսել սեփական գործ:
Գործազուրկներն ըստ աշխատանքային փորձառության: Գործազուրկներն ըստ աշխատանքային փորձառության ցուցանիշի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործազուրկների 64%-ն ունեցել է աշխատանքային փորձ, իսկ 36%-ը չի ունեցել: Այսինքն փորձառու գործազուրկների թվաքանակը 1.7 անգամ գերազանցում է փորձառություն չունեցողներին: 2016թ. գործազուրկների 64%-ի աշխատանքային փորձ ունենալը նշանակում է, որ նրանք եղել են որակավորված մասնագետներ և պատրաստի կարողունակ կադրեր օտար աշխատաշուկաների համար: Գործազուրկների զգալի մասը ստիպված փոխում է իր մասնագիտությունը, մեծամասամբ որակավորման կորստով, քանի որ բացակայում է համապատասխան պահանջարկը, և բարձրագույն կրթությամբ անձինք կատարում են մասնագիտությունից ցածր որակավորում պահանջող աշխատանք: Եվ հենց ներքին շուկայում որակավորված մասնագետների պահանջված չլինելն է համարվում «ուղեղների արտահոսքի» հիմնական պատճառը, այլ ոչ թե դրա բաց լինելը:
Գործազուրկներն ըստ աշխատանք փնտրելու տևողության: Գործազուրկներն ըստ աշխատանք փնտրելու տևողության ցուցանիշի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործազուրկների 28.5%-ը գործազուրկ է 3 տարուց ավելի ժամկետով: Այս ցուցանիշի վերլուծության կարևորությունը պայմանավորված է նրանով, որ երկարատև գործազրկությունը ներկայացնում է սոցիալական և տնտեսական լուրջ վտանգ, որի հետևանքը կա՛մ բնակչության ծայրահեղ աղքատությունն է կա՛մ միգրացիան:
Գործազրկության մակարդակի աճը և տևական գործազրկությունը հանգեցնում են սոցիալական հուզումներով պայմանավորված ռիսկերի: Որպես լուծումներ առաջարկվում է հրաժարվել գործող ռազմավարություններից: Եթե նախկինում շեշտը դրվել էր խիստ տնտեսության վրա, որպեսզի թեթևացվի պարտքային բեռնվածությունը, ապա ներկայումս պետք է առավել ջանքեր հատկացնել փխրուն աշխատաշուկաների հիմնախնդիրների լուծմանը, այսինքն ներդնել զբաղվածության մակարդակի բարձրացման ռազմավարություններ, որոնք կապահովեն դրական արդյունքներ ինչպես մակրոտնտեսական ոլորտում, այնպես էլ զբաղվածության ոլորտում: Հարկավոր է իրականացնել ավելի հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականություն՝ համատեղելով գործազրկության և բյուջետային խնդիրները, մասնավորապես շեշտադրելով այլ եղանակներով բյուջետային պակասորդը նվազեցնելու հնարավորությունները: Պետք է դիմագրավել գործազրկության աճին ոչ այնքան ցածր արտադրողականություն և ցածր արդյունավետություն ունեցող ճյուղերի պահպանման հաշվին, որքան ինովացիոն ճյուղերի կայացման և խթանման շնորհիվ: Այլ քայլերից են՝ արդյունավետ սոցիալական վճարների համակարգերի կիրառումը, այնպիսի քայլերի կիրառումը, որոնք չեն ազդում գործարար ակտիվության, ներդրումային կլիմայի վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամփոփելով նշենք, որ զբաղվածության ոլորտում իրավիճակի վատացումը նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի տնտեսության կայունության համար, եթե շարունակվեն նախկին մոտեցումները: Թեև այս տարի սպասվում է տնտեսական աճի տեմպերի մի փոքր արագացում, սակայն ենթադրվում է, որ դա չի ազդելու գլոբալ գործազրկության մակարդակի կրճատման վրա:
Գործազրկության և աղքատության հետագա կրճատման տեմպերն արագացնելու միակ ու բացառիկ միջոցը տնտեսական աճի տեմպի արագացումն է կայուն գնաճի պայմաններում: Տնտեսական աճի բարելավմանը նպաստում և կարևորվում է ձեռնարկատիրական գործունեության զարգացումը, որի հիմնական նպատակը ներկայումս նոր աշխատատեղերի ստեղծումն է, որի շնորհիվ կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այս առումով ՀՀ տնտեսությունում առաջնահերթ է նոր ներդրումների ներգրավումը և դրա միջոցով արտադրական ներուժի մեծացումը: Սակայն գաղտնիք չէ, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ տնտեսապես շահավետ է, ներդրումային միջավայրը բարենպաստ և ներդրումները վտանգված չեն: Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն, որի պատճառը հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են:
Ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից, իհարկե, Հայաստանը գրանցել է առաջընթաց ըստ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու համաթվի՝ աշխարհի 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է երեք կետով, սակայն ակնհայտ է, որ դա բավարար չէ նոր ներդրումների ներգրավման տեսանկյունից բարենպաստ բիզնես միջավայր ունենալու համար, քանի որ մենաշնորհների, օլիգարխների առկայությունը երկրում չի նպաստում գործարար միջավայրի բարելավմանը, ազատ մրցակցության ծավալմանը, որի արդյունքում էլ շատ գործարարներ իրենց բիզնեսը ծավալում են այլ երկրներում:
Ներկայումս հանրապետությունում կխրախուսվեն և կկատարելագործվեն տնտեսական աճի ապահովման այն քաղաքականությունները, որոնք կնպաստեն սոցիալական ձեռներեցության զարգացմանը, հատկապես այն դեպքում, երբ այդ գործունեության մեջ ավելի շատ կընդգրկվեն այն ընտանիքների անդամները, որոնք համարվում են աղքատ և ծայրահեղ աղքատ: Եթե XIX դարի կեսերին սոցիալական ձեռներեցության զարգացումն օգնել է ԱՄՆ-ի բազմազգ բնակչությանն աղքատության դեմ պայքարելու գործում, ապա պետք է հուսալ, որ այն մեր հանրապետւթյունում կնպաստի աղքատ ընտանիքների թվի կրճատմանը:
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, անգամ կրթական բարձր մակարդակը չի դառնում համապատասխան աշխատանք ունենալու երաշխիք, քանի որ բարձրագույն և հետբուհական կրթությամբ մասնագետների նկատմամբ տնտեսության մեջ չի ձևավորվում համապատասխան պահանջարկ: Պարզ է, որ ինչպես աշխատատեղերի ստեղծումը որևէ ոլորտում նշանակում է դրանց ավելացում նաև հարակից ոլորտներում, նույն կերպ էլ տեղի է ունենում կրճատման դեպքում, երբ բարձր որակավորում ունեցող մասնագետների հետևից գործազուրկների շարքերն է համալրում համեմատաբար ցածր որակավորում ունեցող աշխատուժը: Եվ հենց ներքին շուկայում որակավորված մասնագետների պահանջված չլինելն է համարվում «ուղեղների արտահոսքի» հիմնական պատճառը, այլ ոչ թե դրա բաց լինելը:
Վաղուց ի վեր ավելանում է ողջ կյանքի ընթացքում ուսուցման (ցկյանս) կամ անընդհատ կրթության կարևորությունը, քանի որ անգամ լավագույն կրթության պայմաններում անհնար է սովորել այն ամենը, ինչն անհրաժեշտ կլինի աշխատանքային տարիների ընթացքում: Այդ պատճառով էլ զարգացած երկրներում որակավորման բարձրացման ծրագրերի համակարգի զարգացումը պատասխանն էր արագ փոփոխվող և աճող արտադրության պահանջներին: Սակայն ՀՀ-ում, երբ սուր է դրված մասնագիտական ներուժի պահպանման և տեղում կայունացման խնդիրը, կարևորվում է ոչ միայն անընդհատ, այլև առաջ անցնող կրթական հայեցակարգի որդեգրումը, որը կենթադրի, որ որակավորված կադրերի պատրաստման տեմպերը պետք է գերազանցեն տնտեսության պահանջները:
Բացի դրանից անհրաժեշտ է խրախուսել երիտասարդների զբաղվածությունը, և այս հարցում մեծ նշանակություն ունի մասնավոր հատվածը, ուր պետք է ներգրավվեն զգալի ներդրումներ՝ մասնավորապես ստեղծելով համապատասխան արտոնյալ պայմաններ հենց աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար, հարկային և օրենսդրական դաշտի կարգավորմամբ նպաստել երիտասարդների գործարարությանը, ինչպես նաև մշակելով խթանների հատուկ համակարգ, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:
ՀՀ աշխատանքի շուկայում զարգացման հնարավորությունների բացակայության պայմաններում այդ ամենաարժեքավոր կապիտալն արտագաղթում է երկրից, այն էլ մեծամասամբ անվերադարձ, ավելին՝ իր հետևից տանելով ոչ միայն ներդրումները, որոնք կատարվել են երկրի ներսում և պետք է ծառայեին երկրի առաջընթացին, այլև պահպանեին ամենաթանկարժեք համարվող աշխատանքային ռեսուրսը: Ընդ որում, եթե աշխատողն արտագաղթում է ողջ ընտանիքով, ապա տեղի է ունենում մարդկային կապիտալի բազմապատիկ կորուստ: Այն ոչ միայն հանգեցնում է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, այլև մշակութային, ազգային ինքնության և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների: Այդ իսկ պատճառով էլ պետության գերակայություններից է դառնում համապատասխան միջավայրի ձևավորումը՝ մարդկային կապիտալի զարգացման և «ուղեղների հայրենադարձության» համար:
Բացի վերը նշված քաղաքականությունից, գործազրկության մակարդակի նվազեցմանը, ըստ մեզ, կարող են նպաստել նաև հետևյալ միջոցառումները`
- Աշխատատեղերը քվոտավորել սոցիալական պաշտպանության կարիք ունեցող հաշմանդամների, զորացրված զինծառայողների, բազմազավակ ծնողների և այլ խոցելի խմբերի համար:
- Մշակել և իրականացնել առանձին շրջանների և գոտիների հատուկ նպատակային ծրագրեր` հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները:
- Որոշակի մասնագիտությունների գծով, որոնց պահանջարկը չունի աշխատաշուկան, ԲՈՒՀ-երում կատարել տեղերի սահմանափակումներ, և ավելացնել այն մասնագիտությունների տեղերը, որոնց պահանջարկն ապագայում զգալու է աշխատաշուկան:
- Ներդնել հարկային արտոնությունների համակարգ: Այն ձեռնարկատերերը, ովքեր իրենց ձեռնարկություններում կունենան օրինակ 5000 և ավելի աշխատող, կամ որոշակի քանակությամբ հաշմանդամներ, ապա նրանք տարվա մեջ մեկ, երկու, առավելագույնը երեք ամիս կվճարեն հարկերն առավել նվազ դրույքաչափերով, քան մյուսները:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- «Ֆինանսներ և էկոնոմիկա» ամսագիր 9 (73), Արտակ Առաքելյան, «Գործազրկությունը որպես աշխատուժի միգրացիայի պատճառ»:
- Գագիկ Աղբալյան և Աստղիկ Գևորգյան, «Հայաստանում գործազրկության ցուցանիշը ամենաբարձրն է ԱՊՀ-ում»:
- Համաշխարհային բանկի զեկույցը ՀՀ-ում ֆինանսատնտեսական քաղաքականության վերաբերյալ:
- Զեկույց. «Տնտեսական վիճակը Հայաստանում. հնարավորություններն ումարտահրավերները 2017թ.»:
- Համաշխարհային բանկի զեկույց, «Գործարարությամբ զբաղվելը 2016թ.»:
- ՀՀ ԱՎ, «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում 2016թ.»:
Անի Հասան-Ջալալյան
Տնտեսագիտության մագիստրոս, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)