«Ճաշարան կերթանք, ճաշ-մաշ կբերենք, մեզի համար յոլա կերթանք, փառք Աստծու»
Թերեզա Անախասյանին եւ Խաչատուր Կարապետյանին Asparez.am-ի թղթաիկիցը հանդիպել է իրենց շենքի բակում: Նրանք ապրում են Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի սկզբնամասում, երեխաներ չունեն:
Երեկո է: Տարեց զույգը նստած է բակում: Ասում են, որ արդեն 25 տարի է` երեկոները միասին նույն վայրում են դիմավորում: Ամուսիններն հուզված են խոսում` երիտասարդ տարիները վերհիշելիս: Մերթ` ժպտում են, մերթ՝ լալիս: Ամուսինները հասակակիցներ են. 63 տարեկան են:
«92 թվականին Խչոյի հետ փախել եմ…օգոստոսի 1-ից էլ ըստեղ կապրիմ»,-իրենց ամուսնությունը վերհիշելիս` ասում է տիկին Թերեզան, միաժամանակ վստահեցնում, որ չի փոշմանել:
«Էն ժամանակ հացի հերթեր էին (նկատի ունի 1990-ական թվականներին-հեղ.), եկա ստեղ` (Շառլ Անզնավուրի հրապարակում գտնվող հացի խանութ-հեղ.) հացի, Խչոյին տեսա, փողը տվի, որ հերթից շուտ ընձի հաց բերեր. էդ ժամանակ ենք ծանոթացել: Հերթը շատ էր, դեսից-դենից խոսացինք: Խչոյենց հարեւաններից մեկն ըսավ՝ արի, նշանվի, տնավորվի, իրար հետ ապրեք: Ես էլ ըսի՝ կարող է գամ, կարող է չգամ…»,-հիշելիս` տիկին Թերեզայի աչքերը սկսում են փայլել:
Տիկին Թերեզան ծնվել է 1953 թվականին՝ Լենինականի տեքստիլագործների թաղամասում: Հիվանդության պատճառով ծնողները նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց: Մինչեւ 16 տարեկան սովորել է այնտեղ, գիշերօթիկ դպրոցում էլ ծանոթացել է Խաչատուր Կարապետյանի հետ:
16 տարին լրանալուց հետո նրանք միմյանց հրաժեշտ են տվել ու չեն հանդիպել մինչեւ 1992 թվականը:
«Սկզբում իրար չճանաչինք, երկար ժամանակ խոսացինք, Խչոն ըսավ՝ Թերեզ, դու ես՞, վախեցա, ըսի՝ չէ, բայց հետո ճանչցա… գիշերօթիկի վախտ իրար չենք սիրել»,-խոսքը շարունակելով՝ զույգը ինձ հրավիրում է բնակարան:
Ամուսիններն ապրում են 3-րդ հարկում, դռան փականը ժանգոտված է, մեծ դժվարությամբ է բացվում: Տիկին Թերեզան կատակում է, թե իրենց սիրո նման ամուր է, փականը կողպեքից առանձնացնել չի լինում:
Կինն ասում է, որ չի նեղվել, երբ ծնողները իրեն գիշերօթիկ են ուղարկել: Այժմ ամուսիններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, ունեն առողջական խնդիրներ:
«2017 թվին ավտոն եկավ, զարգեց, քցեց վար ընձի: 2015-ին էլ Խաչիկի ոտքը ջարդավ»,-ասում է կինը եւ նշում, որ կյանքից սրտնեղած չեն, միայն ցանկանում են, որ իրականանա իրենց միակ երազանքը: Սերն ընտանիքում առատ է, մնում է հիվանդությունը նվազի:
«Երազանքս էն է, որ չհիվնդնանք, էն էլ հիվանդ ենք: Արեւի տակ չեմ կռնա ման գա, գլխարկ կդնեմ: Կյանքից նեղացած չեմ, գոհ եմ կյանքիցս: Ուրախ-մուրախ կապրինք մեզի համար»,-ասում է տիկին Թերեզան: Նրան ընդհատում է ամուսինը, ով երկար ժամանակ լուռ էր: «Ամեն ինչ էլ ուզեցել եմ, բայց չի եղել: Ուզեցել եմ լավնամ, բայց չեմ լավցել: Իմ Թերեզը չեղնի, ես չեմ ապրի»,-ասում է Խաչատուր Կարապետյանն ու մեզ այլեւս չի միջամտում:
Զույգը մասնագիտություն չունի, նախկինում աշխատել են, բայց այժմ գործազուրկ են: Նրանց եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, օգտվում են նաեւ բարեգործական ճաշարանից:
«Ճաշարան կերթանք, ճաշ-մաշ կբերենք, մեզի համար յոլա կերթանք, փառք Աստծու: Հեչ մարդուց հեչ բան չենք ուզե: Թոշակ-նպաստով կապրինք, հարեւաններից հաց չենք ուզե»,-ասում է տիկին Թերեզան եւ նրա աչքերում միանգամից կորում է նախկին փայլը:
Հեղինակ՝ Նարեկ Կիրակոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։