Բաժիններ՝

«Զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում». Վիգեն Սարգսյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծերին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս օրենքները պաշտպանության ոլորտում քաղաքականության արտացոլումը պետք է դառնան և լուծում են երեք հիմնական խնդիր: «Առաջին հերթին դրանք սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումների պահանջն է: Մինչև տարեվերջ նախարարությունն ինը օրենք պետք է բերի փոփոխությունների, լրացումների տեսքով, որոնցից չորսն ընթացքի մեջ են և ժամկետից մի քանի ամիս առաջ բոլորը կուղարկվեն Ազգային ժողով»,- ասաց նա:

Ըստ Սարգսյանի, երկրորդ խնդիրը կոնսոլիդացիան էր, և  յոթ գործող օրենք միավորվում են այս երկու օրենքի մեջ: Երրորդը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: «Այսպիսով` վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման և այլ նպատակներով: Քանի որ մենք դա շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ և կայացվածությունը ԶՈՒ-ին թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանն ավելի մոտ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, մենք, հետևաբար,  վերացնում ենք դա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հատուկ կատեգորիաների քաղաքացիներին՝ կապված ընտանեկան պայմաններով արտոնություններ տրամադրելուն, ապա նախարարն ասաց, որ այս պահին տրված արտոնությամբ՝ իրենք պետք է 150 կմ շառավիղում ծառայություն անցնեն, իսկ տարիներ առաջ դա 50 կմ էր: «Դա չգործող և իրականում ոչ մի խնդիր չլուծող արտոնություն է, քանի որ, ենթադրենք, Տավուշի մարզում ապրող քաղաքացին, այդ 150 կմ շառավիղի մեջ հայտնվելով, հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում: Եթե խնդիրը նա է, որ մենք իբր թե հեշտացնում ենք տան հետ շփումը, ապա զինվորը ծառայության ընթացքում տուն գնալ-գալու տարբերակ չունի, իսկ ծնողների համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների հետ՝ ծնողներին զորամաս հասցնելու համար, հետևաբար այդ ձևական բնույթի արտոնությունը առաջարկում ենք փոխել բովանդակայինի»- ասաց նա և նշեց, որ արտոնություն ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավելու են այսուհետև կամավոր ցանկությամբ՝  «Ես եմ» ծրագրով:

Կարդացեք նաև

«Այսինքն`  նրանց առաջին արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավելը և երկրորդ արտոնությունը դառնում է երկու լրացուցիչ արձակուրդը՝ ծառայության ընթացքում: Այսինքն` եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա իրենք վեց ամիսը մեկ կարող են ստանալ արձակուրդ և ծառայության ընթացքում երեք անգամ տանը լինել»- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե դա շատ ավելի արդյունավետ է:

«Մենք ունենք նաև այլ արհեստական սահմանափակում, ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, իրենք կարող են նույն զորամասում ծառայություն անցնել: Մենք առաջարկում ենք նույն զորակոչ ձևակերպումը հանել, և եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասը ընտրել, ինչը հեշտացնում է ծնողների այցելությունները և զինվորների համար ծառայություն անցնելու պայմանները»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ զորակոչի պատշաճ իրականացումն ապահովելու, գործընթացի շրջանակում որոշումների կայացման թափանցիկությունը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով վերացվել են տեղական զորակոչային հանձնաժողովները, որոնք չգործող կառույցներ են: «Դրանք ֆորմալ գոյություն ունեին, բայց պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն էին, որը մենք վերացնում ենք, որոշ նորմեր առաջարկում ենք օրենքից տեղափոխել կառավարության որոշումների դաշտ՝ ճկունություն ունենալու համար»,- ասաց նա և օրինակ բերեց, որ բուժզննումը  շատ մանրամասն նկարագրված է օրենքով, և իրենք առաջարկում են թողնել կարգն ու ընթացքը կառավարության որոշումներին, ինչի հետ կապված Առողջապահության նախարարության հետ աշխատում են:

«Որևէ պատճառ չկա, թե ինչու շրջանային պոլիկլինիկան կամ ընտանեկան բժիշկը պետք է ի վիճակի չլինեն հստակ եզրակացություն գրել, թե այս քաղաքացին առողջական խնդիր ունի թե ոչ, իսկ հետո ավելի բարձր մակարդակում փորձագիտական հանձնաժողովը որոշում կայացնի՝ համապատասխանում է, թե ոչ ծառայությանը»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ պայմանագրային ծառայության շրջանակներում ամրագրվել են, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման հիմնական չափանիշները, ընթացակարգերը: «Նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները գիտեն, որ իրենք պետք է քսան տարով պայմանագիր կնքեն: Իրական կյանքում այդ պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բարդություն է ստեղծելու կողմնորոշվելու, թե տասնութ տարեկանում արդյոք  ինքը պատրա՞ստ է այդքան նվիրել այդ ծառայությանը: Նոր կարգ ենք առաջարկում, ըստ որի պայմանագրի ժամկետը նվազեցվի մինչև տասը տարի, սակայն կուրսանտը, եթե ցանկություն ունի քսան տարով կնքել դա, ևս թույլ ենք տալիս»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծում հստակեցվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, բնակարանային ապահովման իրավունքը: «Այս պահին գործող օրենքով շատ լայն պարտավորություններ են ֆիքսված, որոնք իրավական կյանքում շատ թերի են իրականացվում և գրեթե չեն գործում: Մենք գործընկերների, սպայական անձնակազմի հետ խորհրդակցելով՝ փորձում ենք գտնել այն մեխանիզմը, որը կունենա իրատեսական կիրառելի գործնական հնարավորություն»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ օրենքի նախագծերը համապատասխան շահագրգիռ կառույցների հետ քննարկել են, հանրային քննարկման են դրել: «Այս օրենքները իրենց կարևորությամբ այնպիսին են, որ մինչև վերջնական ընդունումը պետք է շարունակենք քննարկումները»- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս