Բաժիններ՝

«Ինչո՞ւ Լենինգրադյան, անվանակոչենք Սանկտ Պետերբուրգ». Դավիթ Խաժակյանը՝ Տարոն Մարգարյանին

Ինչպես հայտնի է, այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության՝ փողոցների անվանափոխության նախաձեռնությանը: Լենինգրադյան փողոցի անվանափոխության առաջարկի հետ կապված՝ քաղաքապետն ասել է, որ իրենք չեն պատրաստվում այդ փողոցի անունը փոխել, քանի որ, նրա խոսքով, «Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են», իսկ մյուս փողոցների անվանափոխության հարցը պատրաստ են քննարկել:

168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, խոսելով քաղաքապետի արած հայտարարության մասին, ասաց, որ կարծում է՝ եթե այդ փաստարկը հիմնավոր է, ապա պետք է ակնկալել ՀՀԿ խմբակցությունից, որ առաջարկեն նոր նախագիծ՝ Լենինգրադյան փողոցը Սանկտ Պետերբուրգ քաղաքի անունով անվանակոչելու վերաբերյալ:

«Մենք կարծում ենք, որ լավագույն տարբերակն այդ փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելն է, բայց եթե կա նման նկատառում՝ Սանկտ Պետերբուրգի հետ գործընկերային կապերը պահելու համար, ապա ինչո՞ւ Լենինգրադյան, անվանակոչենք Սանկտ Պետերբուրգ»,- նշեց Դ. Խաժակյանը:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է՝ դուք նման առաջարկով հանդես գաք՝ Դ. Խաժակյանն այսպես պատասխանեց.  «Ոչ, մենք առաջարկել ենք և շարունակում ենք պնդել, որ լավագույն անվանակոչությունը այդ փողոցի կլինի Լեոնիդ Ազգալդյանի անունը, որովհետև կա հասարակական պահանջ, կան հազարավոր ստորագրություններ այդ պահանջով, չկա որևէ այլ փողոց, որի շուրջ նման ստորագրահավաք է եղել, ուստի դա հիմնավոր է, բայց եթե կա նման նկատառում ՀՀԿ-ականների կողմից, ապա մենք ակնկալելու ենք, որ առաջարկեն անվանափոխություն Սանկտ Պետերբուրգի անունով, որի շուրջ մենք ևս քննարկումներ կծավալենք մեզ մոտ»:

Հարցին՝ եթե միայն այդ փողոցի անվան հարցում իշխանությունները զիջման չգնան, իսկ մյուս փողոցների անունները պատրաստ լինեն փոխելու, դա կբավարարի՞ ձեզ, թե՞ ձեզ համար սկզբունքային է Լենինգրադյան փողոցի անունը փոխելը՝ «Ելք» խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց. «Մենք սկսել ենք որոշակի անվանափոխության գործընթաց, որտեղ որևէ կարծրացած կարծիք չենք հայտնել ու պատրաստ ենք քննարկումների, և շատ կարևոր է մեզ համար, որ այդ քննարկումները հասարակության շրջանում վաղուց սկսել ենք, ու կարևորում ենք, որ քաղաքապետը և մյուսներն այդ քննարկումներին ականջալուր լինեն: Մեր առաջարկած 6 անվանափոխություններն էլ հիմնավորված են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս