««Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել». Տարոն Մարգարյան

«Ընդամենը 2 օր առաջ է «Ելք» խմբակցությունն իր առաջարկը ներկայացրել։ Դա քննարկման հարց է։ Պետք է նաև հանրային կարծիք լինի, նաև այլ գիտական կարծիքներ լինեն, որովհետև այդ առաջարկի մեջ որոշ խնդիրներ ենք տեսնում այն առումով, որ նախկինում այդ փողոցներն անվանակոչվել են և հետո նորից վերանվանվել նույն անուններով։ Դրա համար պետք է հանրային քննարկում լինի, հասարակական կարծիք լինի։ Երբ այդ ամենը լինի՝ «Հանրապետական» խմբակցությունն իր կարծիքը կհայտնի»,- այսօր Մոսկվայի տան մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ մեր պատմությունից պետք է չհրաժարվենք։

«Բայց այնուամենայնիվ, որ «Ելք» խմբակցությունը նշում է մեր ազգային հերոսներին, բնականաբար, մենք կողմնակից ենք մեր ազգային հերոսների անուններով փողոցներ անվանակոչելուն։ Բայց պետք է ուսումնասիրենք, թե որ փողոցները կարող ենք անվանափոխել և երբ կարող ենք անվանակոչել»,- ասաց նա։

Հարցին՝ Ֆրունզե կամ Լենինգրադյան փողոցներն ի՞նչ առնչություն ունեն հայոց պատմության հետ, նա այսպես պատասխանեց.

«Նույն Լենինգրադյան փողոցը․ այսօր Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցում ենք, Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել»։

Իսկ այն հարցին, թե՝ հնարավո՞ր է Լենինգրադյան փողոցը Սանկտպետերբուրգյան փողոց դառնա, նա այսպես պատասխանեց. «Բնակիչները սովորել են, և հարմար չենք գտնում Լենինգրադյան փողոցն անվանափոխել»։

Ինչ վերաբերում է մյուս փողոցներին, նա ասաց, որ դեռ պետք է քննարկել. «Ներկայացրել են 6 փողոցների մասին, մենք այդ առումով չենք վռազում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս