«Բոլոր հիմքերը կան կարծելու, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի». Ալեքսանդր Իսկանդարյան

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական կյանքում որևէ հետաքրքիր բան չի կատարվում։

«Այն, որ հայ փորձագետները յուրաքանչյուր հանդիպում գնահատում են՝ որպես համաշխարհային հեղափոխություն, նրանից է, որ շոգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իր խոսքն այսպես սկսեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ այցերը բավականին գործնական են. «Այսինքն՝ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը բնական էր։ Նման հանդիպներ տասնյակներով լինում են։ Այն, ինչ կատարվում է մեր շուրջ, ևս բնական է, առավել ևս, որ Սոչին մեզ շատ մոտ է»։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքմենստանի նախագահի այցին Հայաստան, ապա, ըստ Իսկանդարյանի՝ այցը Կենտրոնական Ասիայի իրադարձությունների կոնտեքստում էր, և այստեղ նույնպես որևէ զարմանալի բան չկար. «Այնտեղ տեղի են ունենում փոփոխություններ, մահացել է Ուզբեկստանի առաջնորդը և նոր առաջնորդը փորձում է իր քաղաքականությունը վարել, բայց դա տարածաշրջանում լուրջ փոփոխությունների չի կարող բերել»։

Քաղաքագետն ընդգծում է՝ հետաքրքիր են միայն Իրանի շուրջ զարգացումները. «Թուրքմենստանը սահմանակից է Իրանին և նրա հետ առևտուր է անում։ Այն պրոցեսը, որ հետաքրքիր է և հետաքրքրել է նաև Թուրքմենստանի նախագահին, ազատ առևտրի գոտի ստեղծելն է Իրանի և Հայաստանի սահմանին, որը վերաբերում է ամբողջ ԵՏՄ-ին, քանի որ Հայաստանը, հասկանալի է, աշխարհագրական պատճառներով պատրաստվում է համագործակցել Իրանի հետ՝ ոչ միայն իր համար, այլև՝ ԵՏՄ անդամ մյուս երկրների համար։ Գործընթացն ընթանում է, թեպետ իրանցիների հետ երբեմն այդքան էլ հեշտ չէ աշխատելը»։

Արցախյան հարցում էլ, ըստ քաղաքագետի՝ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ «Բռնությունները նվազեցնել չի հաջողվում, բայց միևնույն ժամանակ՝ կտրուկ աճ չկա։ Իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին կա»։

Միակ լուրջ պրոցեսը, Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման պատրաստություններն են. «Այսօր բոլոր հիմքերը կան կարծելու, որ այդ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը բավական մեծ է։ Այսինքն՝ փաստաթուղթը պատրաստ է, այն համաձայնեցված է, տեխնիկական շտկումներ են արվում, և քաղաքական հակասություններ տեսանելի չեն, այնպես որ, կարող ենք ենթադրել, որ այն կստորագրվի»։

Տեսանյութեր

Լրահոս