
«Անթույլատրելի է հողային և ջրային ռեսուրսների և ոռոգման ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործումը». Կարեն Կարապետյան

Հողային հաշվեկշռի տվյալների համաձայն` ՀՀ ոռոգվող տարածքները կազմում են 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվում է 90-130 հազար հեկտար: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա անթույլատրելի անվանեց հողային և ջրային ռեսուրսների և ոռոգման ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործումը:
Կ.Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարներին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում Ջրային պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր` ըստ պատկանելության:
Ջրպետկոմի նախագահին վարչապետը հանձնարարեց ինֆորմացիան ստանալուց հետո երկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և ոռոգելի հողատարածքների ավելացման ուղղությամբ:
«Խնդիրը շատ պարզ է ձևակերպված: Մենք այստեղ շատ, շատ անելիք ունենք»,- ասաց վարչապետը` հավելելով, որ գյուղատնտեսական ծրագրերն ապագա չունեն, եթե այս խնդիրը չլուծվի:
Նա նշեց, որ Ջրպետկոմի առջև պետք է հստակ ձևակերպել պահանջ և այս հանձնարարականին մաքսիմալ հսկողություն սահմանել: