Ամերիկացիները հաշվել են ռուսաստանցիների օֆշորային ակտիվները
Լուսանկարը՝ Մաքսիմ Զմեև / Reuters
Ռուսաստանցի օլիգարխները օֆշորներում պահում են 60.75 տրիլիոն ռուբլու ակտիվներ (ավելի քան 1 տրիլիոն դոլար)։ Դա երկրի համախառն ազգային եկամտի 3/4-ն է։ Ինչպես գրում է RBC.ru-ն, այս մասին նշված է ամերիկյան հետազոտական կազմակերպության զեկույցում։ Ռուսաստանի 1% ամենահարուստ բնակչությանը պատկանում է ազգային եկամտի 25%-ը։
Ռուսաստանցիների օֆշորային կապիտալը 3 անգամ գերազանցում է երկրի արժութային պահուստները։
2015 թվականի դրությամբ օֆշորներ դուրս բերված ակտիվների ծավալը կազմել է ՌԴ ազգային եկամտի 75%-ը։ Այս մասին նշվում է «Սովետներից՝ օլիգարխներին, անհավասարությունը և սեփականությունը Ռուսաստանում, 1905-2016թթ» զեկույցում, որը պատրաստվել է ԱՄՆ-ի տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի կողմից (մասնավոր հետազոտական կազմակերպություն)։
«Սա նշանակում է, որ արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում և այլ օֆշորային կենտրոններում, հարուստ ռուսաստանցիները պահում են նույնքան ֆինանսներ, որքան ՌԴ ամբողջ բնակչությունը երկրի ներսում», — նշում են զեկույցի հեղինակները։
Ռուսաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականին այդ երկրի համախառն ազգային եկամուտը կազմել է 81 տրիլիոն ռուբլի։ Օֆշորային կապիտալի ծավալը զեկույցում գնահատվում է համախառն ազգային եկամտի 75%-ի չափով։ Դա կազմում է 60.75 տրիլիոն ռուբլի կամ 1 տրիլիոն 30 մլրդ դոլար։
Զեկույցի հեղինակները համարում են, որ օֆշորային կապիտալի և արտասահմանյան ակտիվների խնդիրը Ռուսաստանում շատ է խորացել։ Տնտեսական և ֆինանսական վիճակագրության մեջ էական խզում կա. մի կողմից՝ 199-2015թթ. արտաքին առևտուրը մեծ դրական հաշվեկշիռ է ունեցել, մյուս կողմից՝ օտարերկրյա ակտիվների կուտակումը սահմանափակ ծավալներ ունի։ Փորձագետներն այդ պարադոքսը բացատրում են կապիտալի արտահոսքով և օֆշորային կապիտալիով։