Աշոտ Մանուկյանը հանդիպել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը՝ հատկապես էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով: ԵՄ պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից և նշել, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար:
Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով: «Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։ Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի և Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը, որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։
Մասնավորապես ներկայացված են «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար և վստահեցրել, որ հետևողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Զրուցակցները մտքեր են փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել 2017 թվականի նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը: