Խոսրովի արգելոցում հրդեհը հիմնականում գետնատարած է եղել. Այսեր Ղազարյան
Խոսրովի արգելոցում հրդեհը հիմնականում գետնատարած է եղել, և հրդեհված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1554 հա: Ըստ Sentinel-2 արբանյակային պատկերի վերծանման արդյունքների՝ արգելոցի սահմաններում այն կազմել է 1403 հա, որից 365 հա՝ լայնատերև անտառ (մոտ 60 հա-ի սաղարթները վնասված չեն, հրդեհը գետնատարած է անցել), մոտ 830 հա՝ գիհու արիդային նոսրուտներ (որից մոտ 200-220 հա՝ 0.3-0.4 լրիվության) և մոտ 208 հա ոչ անտառածածկ, խոտածածկով հողահանդակներ:
Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառային և մերձակա տարածքներում հրդեհված տարածքներն ընդհանուր մոտ 578 հա են, որից 307.8 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքն է:
168.am-ի հետ զրույցում անկախ փորձագետ, անտառագետ Այսեր Ղազարյանը նշեց, որ բազմապտուղ գիհու վերականգնումը բազմաթիվ խնդիրների հետ է կապված՝ սերմերի ծլունակություն, և այլն, և դժվար է ասել, թե ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կորուստը։
«Ներկա տեխնիկական, մարդկային կարողությունները հաշվի առնելով՝ հարցականները խիստ շատ են»,- ասաց Ղազարյանը։