«Թուրքիայի քաղաքականությունը շանտաժ է». Ստեփան Գրիգորյանը՝ Թուրքիա-ԵԱՏՄ մաքսային համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին

«Գլխավոր հարցն այն է, թե դա քաղաքական խաղ է, քաղաքական շանտաժ է Եվրոպայի նկատմամբ, թե Թուրքիան իրապես մտածում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Գիտեք, որ այս վերջին օրերին Գերմանիան կրկին հայտարարեց, որ Թուրքիայի հետ ԵՄ-ի ազատ առևտրի գոտու պայմանագիրը չի ստորագրվի։ Հայտնի է, որ նրանք ազատ առևտրի գոտի ունեցել են, բայց հիմա այնտեղ ինչ-որ գործընթաց պետք է լիներ՝ էլ ավելի սերտ տնտեսական համագործակցություն, նույնիսկ խնդիր էր դրվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին, բայց ԵՄ անդամ Գերմանիայի, Ավստրիայի և այլ պետությունների հետ Թուրքիայի հարաբերությունների այս վերջին սրացումը, այնտեղ մարդու իրավունքների վատթարագույն վիճակը հանգեցրեց նրան, որ ԵՄ-ն հստակ փակեց Թուրքիայի անդամակցության հեռանկարը, և, ամենակարևորը, ազատ առևտրի պայմանագրի թարմացումն այժմ մերժում են։ Երեկ ուղղակի Մերկելը դրա շեշտը նորից դրեց»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հայտարարությունը ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին։

Ըստ նրա՝ այս հարցում Հայաստանի հետ սահմանի փակ լինելու խնդիրը գլխավորը չէ։ Ս. Գրիգորյանի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, թե Թուրքիայի պաշտոնյայի հայտարարությունը շանտա՞ժ է Եվրոպայի նկատմամբ, թե՞ իրական ցանկություն. «Եթե պատկերացնենք, որ շանտաժ չի, և իրենք իսկապես ուզում են ստորագրել նման համաձայնագիր ԵԱՏՄ-ի հետ, այստեղ է, որ Հայաստանը, քանի որ ԵԱՏՄ անդամ է, մեծ առավելություն է ստանում։ Հայտնի է, որ ցանկացած երկրի հետ եթե ԵԱՏՄ-ն ինչ-որ փաստաթուղթ է ուզում ստորագրել, անդամ բոլոր պետությունները վետոյի իրավունք ունեն։ Այս հանգամանքներում Հայաստանը խաղաքարտ է ստանում և լուրջ ազդեցություն կարող է ունենալ այդ պրոցեսի վրա, կարող ենք հայտարարել, որ Թուրքիան այդ դեպքում չի կարող հայ-թուրքական սահմանը փակ պահել։ Դա շատ ուժեղ լծակ է Թուրքիայի դեմ, եթե նա իրոք ուզենա ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրել»։

Հարցին՝ եթե Թուրքիայի մտադրությունները լուրջ չեն, արդյոք Մոսկվան կհանդուրժի՞ Արևմուտքից ավելին կորզելու նպատակով՝ Թուրքիայի նման խաղերը, Ս. Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար է ասել՝ Թուրքիան կմարսի՞ դա, թե՞ ոչ, բայց այդ խաղը շատ վտանգավոր է։ Թուրքիան ուզում է օգտագործել Ռուսաստանի հակասություններն Արևմուտքի հետ, բայց այստեղ կարող է նաև լուրջ խնդիրների առջև կանգնել։ Եթե և՛ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները վատթարանան, ապա նրա վիճակը շատ ծանր կլինի։ Ի վերջո, այդ խաղերը ԵԱՏՄ-ի հետ ի՞նչ կտան Թուրքիային։ Ասենք, թե ԵԱՏՄ-ի հետ ինչ-որ պայմանագիր կնքի, բայց համոզվել ենք, որ ԵԱՏՄ-ն չաշխատող կառույց է, Թուրքիան ի՞նչ է ստանալու։ Այսինքն՝ ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքականությունը շանտաժ է, բայց չեմ կարծում, որ դա դրական արդյունք կարող է տալ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս