Բաժիններ՝

Տարիներ շարունակ ինքնությունը թաքցրած հայուհին թուրքական կայքին պատմել է իր ընտանիքի և հայ լինելու մասին

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասը, որտեղ մինչ Հայոց ցեղասպանությունը բնակվել են մեծաթիվ հայեր, Թուրքիայի իշխանությունների կողմից քանդվում է, ինչի արդյունքում ավերվում են բազմաթիվ հնագույն շինություններ: Այս մասին հայտնում է թուրքական dihaber.net-ը:

Դիարբեքիրի Սուր թաղամասում տեղի ունեցողի մասին թուրքական dihaber-ի հետ զրույցում կիսվել է Այթեն Էքինջին, ով մեծացել է իսլամ ընդունած հայ ընտանիքում և երկար տարիներ թաքցրել հայկական ինքնությունը:

Խոր ափսոսանք հայտնելով Սուրում տեղի ունեցող քանդման աշխատանքների վերաբերյալ՝ Այթեն Էքինջին պատմել է, թե ինչպես է իր տատը, ով կրոնափոխ էր եղել, կիրակի օրերին թոռնուհու ձեռքը բռնած գաղտնի գնում է եկեղեցի, այնուհետև սիրաշահում, որպեսզի ինքը դրա մասին չհայտնի տանեցիներին:

Այթենը հիշում է նաև, որ երբ հարցնում էր, թե ովքեր են եկեղեցում գտնվող մարդիկ, մշտապես տատից ստանում էր նույն պատասխանը. «Քո պապի ազգականներն են»:

Այթեն Էքինջին պատմել է, որ իր մորական ընտանիքը նույնպես կրոնափոխ հայի ընտանիք է եղել, և որ իր մորական պապը Դիարբեքիր է եկել 1915-ին Էրզրումի Օթ շրջանից: Այթենը հիշել է նաև, որ մորական պապի անձնագրում տեսել է Մուհթեդի գրությունը, ինչը նշանակում է կրոնափոխ և գրվում էր իսլամացածների անձնագրերում:

Դիարբեքիրի Սուր թաղամասը 2015-ին հայտնվել է թուրք-քրդական բախումների կիզակետում և բազմաթիվ ավերածությունների ենթարկվել: Ներկայումս Սուրի կառուցները քանդվում են նաև պետական ծրագրի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս