Ֆրանսիայում հրապարակել են Բրիժիտ Մակրոնի գործունեության «թափանցիկության խարտիան»
Ելիսեյան պալատը հրապարակել է այսպես կոչված «թափանցիկության խարտիան», որը վերաբերում է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հասարակական կյանքին:
Փաստաթղթի դրույթների համաձայն, մասնավորապես, առաջին տիկինը նախագահի հետ միասին միջազգային գագաթնաժողովներում և հանդիպումներում ներկայացնում է Ֆրանսիան, հանդիպում է ունենում ֆրանսիացի ևւ օտարերկրացի քաղաքացիների հետ, ինչպես նաև անձամբ մասնակցում է մշակութային և սոցիալական ուղղվածության միջոցառումներին:
Նշվում է, որ պետության ղեկավարի կինը որևէ վարձատրություն չի ստանում իր գործունեության համար և չունի ներկայացուցչական ծախսերի միջոցներ ու սեփական բյուջե: Առաջին տիկնոջ դերակատարման համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են երկրի նախագահի բյուջեից:
Բրիժիտ Մակրոնի աշխատանքային ծրագիրը հրապարակվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին: Բացի այդ, առաջին տիկինը կանոնավոր կերպով հաշվետվություն է տալու իր գործունեության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր հատուկ «առաջին տիկնոջ կանոնադրություն» սահմանելու Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկության մասին: Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա նախագահի կնոջն օրենսդրորեն պաշտոնական դեր նշանակել պետական գործերում: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում էր պետական միջոցների հատկացում պետության ղեկավարի կնոջ ծախսերի համար:
Մակրոնի առաջարկությունը հարուցեց քաղաքացիների քննադատությունը, որոնք ստորագրահավաք սկսեցին նախաձեռնությունը չեղարկելու պահանջով: Օգոստոսի սկզբին հանրագրին հավանություն տվեց ավելի քան 280 հազար մարդ՝ հաղթահարելով անհրաժեշտ 150 հազարի նշաձողը: Ելիսեյան պալատը հրաժարվեց «առաջին տիկնոջ կանոնադրության» գաղափարից, որի փոխարեն խոստացավ հրապարակել «թափանցիկության խարտիան», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: