Բաժիններ՝

Իրաքյան զորքերը արևմուտքից մտել են Թալ-Աֆար և գրավել ԻՊ-ի թունելների ցանցը

Իրաքյան զորքերը կարողացել են մտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Թալ-Աֆարի արևմտյան թաղամասերը: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է գործողությանը մասնակցող դաշնային ոստիկանության հրամանատար գեներալ Ռայիդ Շաքեր Ջոուդաթը։

«Մեր ստորաբաժանումները «Ալ Հաշդ աշ Շահաբի»-ի (շիաների աշխարհազոր) ջոկատների աջակցությամբ մտել են Թալ-Աֆարի արեւմուտքում գտնվող էլ Քիֆահի, էլ Վահդի և Էս Սաադի թաղամասերը և գրավել ահաբեկիչների կողմից օգտագործվող թունելների ցանցը, որի երկարությունը հասնում է 250 մետրի»,- ասել է նա:

Օգոստոսի լույս 20-ի գիշերը Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հեռուստատեսային ուղերձում պաշտոնապես հայտարարել է Թալ-Աֆարում գործողությունն սկսելու մասին: Մոսուլից 70 կիլոմետր արեւմուտք ընկած այս քաղաքի վրա գրոհը նախապատրաստվում էր երկար ժամանակ:

Ցամաքային գործողության նախաշեմին մի քանի օր անընդմեջ իրաքյան ռազմաօդային ուժերն այնտեղ ինտենսիվ հարվածներ էին հասցնում ահաբեկիչների դիրքերին՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրանց պաշտպանական գծերը: Ռազմարշավին մասնակցում է խոշոր զինվորական խմբավորում, ներառյալ իրաքյան բանակի հետեւակային և զրահատանկային բրիգադները, շիա աշխարհազորայինները, դաշնային ոստիկանությունը, հատուկ նշանակության ուժերը և քրդական «փեշմերգա» ռազմականացված կազմավորումները:

Թալ-Աֆարը գտնվում է Բաղդադից 450 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում և այս բոլոր տարիներին արմատականների կողմից ակտիվորեն օգտագործվում էր որպես փոխաբեռնման կետ Իրաքի և Սիրիայի միջև: Տարբեր տեղեկությունների համաձայն, ահաբեկիչներն այնտեղ մեկ-երկու հազար զինյալներ ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս