Բաժիններ՝

Մերկելը վստահ է, որ առաջիկա չորս տարում էլ կկարողանա հաջողությամբ ղեկավարել Գերմանիան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քաղաքական ոլորտում իր կուտակած փորձն իրեն թույլ կտա ԳՖՀ-ի կառավարությունը հաջողությամբ գլխավորել չորրորդ անգամ։

Պատասխանելով Գերմանիայի բնակիչների հարցերին՝ կանցլերը համաձայնել է այն տեսակետին, թե քաղաքական գործիչը որքան երկար է մնում իշխանության գլուխ, այնքան ավելի լավ է նա կառավարում: Դրա հետ մեկտեղ, Մերկելի կարծիքով, անհրաժեշտ է «հետաքրքրություն ցուցաբերել նորի նկատմամբ»:

«Ես որոշել եմ իմ թեկնածությունն առաջադրել առաջիկա չորս տարվա համար և, կարծում եմ, որ այն փորձը, ուժերը, հետաքրքրությունն ու ուրախությունը, որոնք ես ունեմ, կկարողանան նպաստել այդ չորս տարվա լավ աշխատանքին»,-ասել է Մերկելը Bild հրատարարությանը տված հարցազրույցում:

Մերկելն առաջին անգամ Գերմանիայի կանցլերի պաշտոնն զբաղեցրել է 2005 թվականին: Մինչեւ այժմ այդ պաշտոնն այդքան երկար ժամանակ զբաղեցրել է միայն Հելմուտ Կոլը՝ 1982 թվականից մինչև 1998 թվականը:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին: Infratest Dimap ինստիտուտի կողմից անցկացված հարցման վերջին տվյալներով, որը կազմակերպվել էր ARD հեռուստաալիքի և Welt թերթի կողմից, ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը մնում է առաջիկա ընտրությունների գլխավոր ուժը, նրա օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցման մասնակիցների 39 տոկոսը: Սոցիալ-դեմոկրատները ավելացրել են մեկ կետ եւ ստացել ձայների 24 տոկոսը: Ազատ դեմոկրատները, «Կանաչները» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքում են ձայների 8-ական տոկոսը, «Ձախերը»՝ 9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս