
Թուրքիայում երկու երեխա ձերբակալվել են քրդերեն երգելու համար

Թուրքիայի Վանի նահանգում օգոստոսի 21-ին իրավապահները բերման են ենթարկել երկու երեխայի: Այս մասին հայտնում է թուրքական durushaber.com.tr-ն:
Երեխաների ձերբակալության պատճառը եղել է այն, որ նրանք երգել են քրդերեն լեզվով: Երեխաները 12 և 13 տարեկան են: Աղբյուրի հաղորդմամբ, անհայտ է, թե երեխաները որ ոստիկանական բաժանմունքում են գտնվում:
Թուրքիայում լեզվական ձուլման դրսևորումներից են եղել 1930-ականներից սկսած և տարբեր փուլերում կիրառված «Հայրենակից, թուրքերեն խոսիր», «Varandas turkce konus» արշավները, որոնք ուղղված էին փոքրամասնությունների դեմ: Համաձայն այս արշավների՝ արգելվում էր հասարակական վայրերում թուրքերենից բացի այլ լեզուներով խոսել: Պետության կողմից ստեղծվել էին ազգայնամոլական ավազակախմբեր, որոնք շրջում էին փոքրամասնություններով բնակեցված թաղամասերում և տարբեր բռնությունների ենթարկում մայրենի լեզվով խոսող քաղաքացիներին:
Ինչպես ցույց են տալիս նմանօրինակ դեպքերը, ներկայիս Թուրքիայում այդ ավազակախմբերին փոխարինելու են եկել ոստիկանները: