Թուրքիան և իրանը Իրաքի հյուսիսից բացի համատեղ գործողություններ կիրականացնեն նաև Սիրիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ:
Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ: Ներկայումս կողմերը քննարկում են Իրաքի հյուսիսի 9 կետում կազմակերպվելիք գործողությունների մանրամասները:
Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ «Արմենպրես»-ը օգոստոսի 18-ին հաղորդել էր, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ: