Բաժիններ՝

Ոստիկանությունը պարզել է Բարսելոնայում ահաբեկչություն կատարած վարորդի ինքնությունը

Կատալոնիայի ներքին գործերի նախարարության խորհրդական Խոակիմ Ֆոռնն օգոստոսի 21-ին հաստատել է, որ Բարսելոնայի կենտրոնում հետիոտներին վրաերթի ենթարկած ֆուրգոնի ղեկին եղել է մարոկացի Յունես Աբույակուբը: Կասկածյալը հետախուզման մեջ է, նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ասել է Ֆոռնը «Կատալունիա» ռադիոկայանի եթերում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Սկզբնապես հաղորդվել էր, որ իսպանական ոստիկանությունը փնտրում է 17-ամյա Մուսա Ուկաբիրին, որը, ինչպես ենթադրվում էր, ֆուրգոնի ղեկին է եղել Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողություն ժամանակ: Օգոստոսի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ նա հարձակմանը մասնակից մյուս չորս կասկածյալների հետ միասին Կամբրիլսում ոչնչացվել է կարգի պահապանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում:

Իսպանական HispanTv հրատարակությունը՝ վկայակոչելով Կատալոնիայի տարածաշրջանային ոստիկանության ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոյին, հայտնել է, որ Բարսելոնայում կատարված ահաբեկչության գլխավոր կասկածյալ Յունես Աբույակուբը կարող էր փախչել Ֆրանսիա:

«Մենք դրա վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չունենք, բայց, ամենայն հավանականությամբ, նա կարող էր դա անել»,- ասել է Տրապերոն՝ պատասխանելով Աբույակուբի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ հարցին:

Օգոստոսի 17-ի ցերեկն ավտոֆուրգոնը մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Բարսելոնայի՝ հետիոտների համար նախատեսված Ռամբլա փողոցի շրջանում: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Մի քանի ժամ անց ավտոմեքենան մարդկանց բազմության մեջ էր մխրճվել Կամբրիլսում, որը գտնվում է Բարսելոնայից 120 կիլոմետր հեռավորության վրա: Բացի այդ, ահաբեկիչներից մեկն անցորդների վրա հարձակվել Էր դանակով: Պաշտոնական տվյալների համաձայն, Իսպանիայում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, 130-ը տուժել են, մինչև այժմ հիվանդանոցներում 50-ից ավելի մարդ է մնում: Բացի այդ, Ford Focus ավտոմեքենայում գտել են մի իսպանացու մարմին, որն սպանվել է անհայտ անձի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս