Ապրիլյան պատերազմից հետո բուհերի շրջանավարտներն ավելի շատ են ուզում վերադառնալ սահմանամերձ Բերդավան
Ապրիլյան պատերազմից հետո մայրաքաղաքի բուհերի ավելի շատ շրջանավարտներ են վերադառնում հայրենի Բերդավան գյուղ: Առաջին դասարանցիների թիվը Բերդավանի միջնակարգ դպրոցում այս ուսումնական տարում ևս ավելացել է՝ դառնալով 36: Հաջորդ տարում դպրոցը կունենա 45, այնուհետև 57 առաջին դասարանցի:
Այս մասին ասաց Բերդավան համայնքի վարչական ղեկավար Սմբատ Մուղդեսյանը:
«Այժմ Երևանում ունենք 100 ուսանող: Մայրաքաղաքում սովորողներից ոմանք վերադառնում են, ոմանք՝ ոչ: Սակայն ապրիլյան պատերազմից հետո երիտասարդներն ավելի շատ են ուզում վերադառնալ Բերդավան»,-ասաց Մուղդեսյանը:
Նրա խոսքով՝ ուսանողները ողջ ամառն իրենց փորձն անվճար փոխանցել են երեխաներին: Հաճախ բարձրագույն կրթություն ստացած այնքան երիտասարդներ են լինում գյուղում, որ աշխատանքի տեղավորման խնդիր է առաջանում:
Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանն ասաց, որ դպրոցն ունի 337 աշակերտ: Այս տարի դպրոցից բուհեր են ընդունվել 24 շրջանավարտ, առնվազն 5-6-ը՝ անվճար ուսուցման համակարգով: «Շրջանավարտները հիմնականում դիմում են ԵՊՀ, ԵՊՃՀ, ԵՊԲՀ, ԵՊԼՀ: Բերդավանի երիտասարդներին հիմնականում հետաքրքրում են կիրառական մաթեմատիկան, բժշկությունը, համակարգչային բաժինները»,-ասաց տնօրենն ու հավելեց, որ դպրոցն ունեցել է 1 մեդալակիր այս տարի, 1-ը՝ նախորդ:
Նրա խոսքով՝ դպրոցում աշխատում են երիտասարդ կադրեր, որոնք եղել են նույն դպրոցի աշակերտներ: Դպրոցն այս պահին ուսուցչի կարիք չունի:
Արտակարգ իրավիճակներին, կրակոցներին պատրաստվելու համար սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցը տարին առնվազն 2 անգամ դասընթացներ է կազմակերպում երեխաների համար: «Երեխաները սովորում են, թե կրակոցների, հրդեհների, երկրաշարժերի դեպքում ինչպես պետք է վարվեն: Ֆիզկուլտուրայի, ռազմագիտության ուսուցիչներն ու բուժքույրը համատեղ են կատարում այդ աշխատանքները»,- ասաց Ասատրյանը: