Սերժ Թանկյանը տոնում է 50-ամյակը. այսօր նաև նրա կնոջ ծննդյան օրն է
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է. նա տոնում է 50-ամյակը:
Աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ ճանաչված Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Երգչի հայրը՝ Խաչատուր Թանկյանը, ևս երգիչ է եղել: Թանկյանների ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել, երբ Սերժը 8 տարեկան էր։ Լոս Անջելեսում ընդունվել է հայկական դպրոցներից մեկը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպել է Դարոն Մալաքյանին, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա, համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ, ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը: Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաև Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը: Intsagram-ի էջում Թանկյանը համատեղ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել կնոջը ծննդյան տոնի առթիվ: