Բաժիններ՝

Ուոթերգեյթյան սկանդալից 45 տարի անց

1972 թվականի հունիսի 18-ին՝ Դեմոկրատական ազգային հանձնաժողովում ձերբակալվեցին Ուոթերգեյթյան սկանդալի գործով առաջին հինգ կասկածյալները: Չնայած Սպիտակ տան տված գնահատականին, Washington Post-ի լրագրողները սկանդալի հաջորդած օրերին վստահ չէին, թե ինչ էր իրականում կատարվել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի գործընթացը մեկնարկեց 1972 թվականի հունիսի 17-ին, այն օրը, երբ նախագահ Նիքսոնի օգնականների կողմից վարձակալած անձինք ներխուժեցին վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում գտնվող Դեմոկրատական կուսակցության գրասենյակ՝ գաղտնալսման սարքեր տեղադրելու նպատակով:

Հունիսի 18-ին՝ հաջորդ օրը, Դեմոկրատական ազգային հանձնաժողովում ձերբակալվեցին այս գործով առաջին հինգ կասկածյալները: Չնայած Սպիտակ տան տված գնահատականին , Washington Post-ի լրագրողները վստահ չէին, թե ինչ էր իրականում կատարվել:

«Որպես կանոն, լրագրողները փաստերն են մեկնաբանում և չեն սիրում տրվել շահարկումներին և ենթադրություններին, բայց վստահ եմ, որ մեր խմբագրությունում կան մարդիկ, ովքեր գիտեին, թե այդ ամենն ինչի է հանգեցնելու», – ասում է Washington Post-ի հանցագործությունների հարցերով լրագրող Մարթին Վեյլը:

Մարտին Վեյլը, ով Սկանդալի գիշերը Washington Post-ում կատարում էր հերթապահ խմբագրի իր պարտականությունները, միջադեպի մասին տեղեկացել էր ոստիկանության ռադիո հաղորդագրությունից:

Այդ օրն ավելի ուշ նա պետք է լուսաբաներ կատարվածը:

«Ես հարցրի, ի՞նչ-որ կարևոր բան կա այսօր, իսկ ինձ պատասխանեցին, —«Այո, բավականին»: Բոլորը ոգևորված էին և դա փոխանցվում էր մեկից մյուսը: Այդ օրը բոլորը աշխատում էին արտակարգ դրության ռեժիմով: Իմ պարտականությունը Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավարների հետ հեռախոսային կապ հաստատելն էր: Ոչ ոք չէր ասում, որ միջադեպը հանրապետականների ձեռքի գործ է, այլ՝ ճիշտ հակառակը»:

Ինչևէ, Վեյլը Ուոթեգեյթյան սկանդալը լուսաբանող միակ լրագրողը չէր: Նա հիշում է, ինչպես էին Washington Post-ի հիմնական լրագրողները՝ Կարլ Բերնսթայնն ու Բոբ Վուդվորդը այդ օրերին աշխատում օր ու գիշեր:

«Ըստ իս,Washington Post-ը բավականին լավ էր աշխատում սկանդալին հաջորդած օրերին: Շուտով մյուս լրատվամիջոցներն ու խմբագիրներն էլ աշխուժացան:»

Վեյլը գտնում է, որ Ուոթերգեյթի սկանդալի և Ռուսաստանի գործով ընթացիկ հետաքննության միջև նմանությունները շատ են:

«Ուոթերգեյթ-ը թողեց իր հետքը՝ մարդկանց մեջ սերմանվեցին կառավարության նկատմամբ անվստահություն ու հակադիր տրամադրություններ: Ես թշնամանք չեմ համարի, բայց կասկածամտություն՝ միանշանակ: Երբ նախագահը, երբեմն առանց երկար մտածելու, լրագրողներին թշնամի է որակում, բարդ չէ կռահելը, որ թե՛ լրագրողների մեջ, թե՛ կառավարության ներսում կլինեն մարդիկ, ովքեր Սպիտակ տանը կտեսնեն թշնամու: Բայց ես, ինչպես նաև իմ գործընկերների մեծ մասը, իհարկե, չենք կիսում այդ կարծիքը»:

Վեյլի խոսքերով, իր գործընկերներն ու ինքը այդ ժամանակաշրջանում պարզապես կատարում էին իրենց մասնագիտական աշխատանքը՝ լրագրողական պատասխանատվությամբ բացահայտելով Ուոթերգեյթի սկանդալը: Այսօր՝45 տարի անց, նա շարունակում է հավատարիմ մնալ իր կոչմանն ու մասնագիտական սկզբունքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս