«Բարսելոնայում իրականացված ահաբեկչությունը նախատեսված էր ավելի մասշտաբային ու արյունալի կազմակերպել». Սարգիս Գրիգորյան

ԵՊՀ դասախոս, արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Բարսելոնայում իրականացված ահաբեկչությունը նախատեսված էր ավելի մասշտաբային ու արյունալի կազմակերպել, սակայն այնտեղի անվտանգության միջոցառումները խափանեցին ԻԼԻՊ-ի այդ պլանները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

«ԻԼԻՊ-ը հայտարարել է, որ կոալիցիոն երկրների դեմ շարունակելու է պայքարը, և ասում է, որ Սիրիայում և Իրաքում նրանք ռմբակոծում են իրենց, իրենք էլ փորձելու են թիրախավորել այդ երկրները։ Այս անգամ հերթն Իսպանիայինն էր, ու չի բացառվում, որ նման ահաբեկչություններ տեսնենք Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և այլուր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետը։

ԻԼԻՊ-ը նահանջում է Մերձավոր Արևելքում՝ զիջելով մի շարք տարածքներ, սակայն, մեր զրուցակցի կարծիքով՝ դա բնավ չի նշանակում, թե ահաբեկչական խմբավորումը պետք է ակտիվ չլինի Արևմուտքում. «Ընդհակառակը՝ նա փորձում է միշտ ակտիվ պահել ջիհադական պայքարն Արևմուտքում, թեկուզ նահանջում և տարածքներ է զիջում Սիրիայում և Իրաքում»։

Կարդացեք նաև

Իսպանիայի և, մասնավորապես՝ Բարսելոնայի ընտրությունը, ըստ արաբագետի՝ պայմանավորված էր նրանով, որ Իսպանիայում իսլամական ծայրահեղական ամենամեծ ցանցը գործում էր հենց Բարսելոնայում, որն այս շրջանում լի է զբոսաշրջիկներով. «Այնտեղ ահաբեկչություն անել, նշանակում է՝ բավականին արդյունավետ բռնարարք իրականացնել, ինչին ձգտում են ահաբեկիչները։ Բարսելոնան տարանցիկ ուղի էր ծառայում Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա գնացող իսլամականների համար։ Այսինքն՝ այստեղ հնարավոր էր կազմակերպել նման բռնարարք, և դա մենք տեսանք»։

Ս. Գրիգորյանը նշեց, որ Իսպանիայում, և մասնավորապես՝ Բարսելոնայում վերջին տարիներին իրականացվող անվտանգության միջոցառումները բավական բարձր մակարդակի վրա են, և իրավապահ մարմինները բավական խիստ արձագանքում են. «Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից այնտեղ իսլամական ծայրահեղական բավական մեծ բջիջներ էին հայտնաբերվել։ Ես կարծում եմ, որ այս ահաբեկչությունը Բարսելոնայում նախատեսված էր շատ ավելի հնչեղ և ազդեցիկ կազմակերպել, և նրանց իրավապահ մարմինների միջոցառումների շնորհիվ է, որ իսլամականները չկարողացան ավելի արյունալի ահաբեկչություն իրականացնել։ Բայց նաև չպետք է մոռանալ, որ նման ահաբեկչությունները շատ դժվար են կանխատեսվում ու չեզոքացվում»:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում հնարավոր ահաբեկչություններին, ապա նա նշեց, որ Հայաստանում ահաբեկչության վտանգ չկա, բայց հարևան երկրներում այդ վտանգը կա. «Ահաբեկչության վտանգ կա Ադրբեջանում, այնտեղ շարունակաբար անվտանգության միջոցառումներ են իրականացվում։ Վրաստանում, Ռուսաստանի հարավկովկասյան հատվածում շատ հնարավոր են ահաբեկչություններ։ Հարավային Կովկասում հոծ մուսուլման բնակչություն կա, և իսլամականները բավականին ակտիվ են նաև այն հատվածներում, որտեղ մուսուլմաններ շատ կան։ Այսինքն՝ այդտեղ ցանց կա, ենթակառուցվածքներ կան, նրանք իրենց ճյուղավորումներն ու կառույցներն ունեն և նման բջիջներով կարողանում են ակտիվ պահել ջիհադական պայաքարը, նաև՝ ահաբեկչությունների տեսքով։ Չի բացառվում, որ ահաբեկչություններ տեսնենք խոշոր քաղաքներում, այնպես չէ, որ ծայրամասերում նրանք ակտիվ են ու այստեղ էլ սահմանափակվելու են իրենց գործողություններով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս