ԴԱՀԿ-ի բեռը ծանրացել է. Կատարողական վարույթների շեշտակի աճ
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության, 2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 796 186 կատարողական վարույթ:
Նշենք որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դատական ակտերի հիման վրա ստացվել էր 366 հազար վարույթ։ Այսինքն՝ կատարողական վարույթների քանակն ավելացել է 430 հազարով կամ 2.1 անգամ։
Վարույթների քանակի կտրուկ աճը սակայն չի խանգարել ԴԱՀԿ աշխատակիցներին։ Նրանք հասցրել են կիսամյակի ընթացքում կարճել եւ ավարտել 795 հազար վարույթ եւ հունիսի վերջի դրությամբ ունեցել են 54.4 հազար անավարտ վարույթ (այնքան, որքան առկա էր տարվա սկզբին)։
Գույքային եւ ոչ գույքային կատարողական վարույթներով 2017 թվականի հունվար-հունիսին վերականգնվել է 12 մլրդ 279.8 մլն դրամ, որը 1.1 մլրդ դրամով կամ 9.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը։
Գումարների մեծ մասը՝ 10.9 մլրդ դրամը, վերականգնվել է գույքային վարույթների գծով (2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 5.5% աճ)։
10.9 մլրդ դրամից 6.9 մլրդ-ը բաժին է ընկնում Երեւանին։ ԴԱՀԿ ծառայության կողմից վերականգնված գումարների առումով մայրաքաղաքին հաջորդում են Կոտայքի (937.6 մլն դրամ) եւ Լոռու (751.3 մլն դրամ) մարզերը։